Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան 1 (1)
A A
Քաղաքականություն

Հայաստանում հաղթել է մուրճի և մանգաղի օրակարգը․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքներն ու շարունակելու է արտախորհրդարանական գործունեությունը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ իրենք դրսում կապեր ունեն, որոնք կօգտագործեն հանուն երկրի։

Այժմ քանի որ վերահաշվարկների գործընթացներ են, Մարուքյանը նշեց, որ իրենք հետևում են դրան, սակայն հաշվարկի արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել և ընդհանուր ընտրությունների վրա ազդող տվյալ չկա։ 

«Կան ուժեր, որ դիմելու են Սահմանադրական դատարան։ Մենք դրան ուշադրությամբ կհետևեն։ Ես կարծում եմ՝ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են տեղի ունեցել, արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Եթե զանգվածային խախտումների ապացույցներ լինեին, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեին։ Սակայն մենք այդպիսի տվյալներ չունենք», - ասաց Մարուքյանը։

Քարոզարշավին, նրա խոսքով, համերաշխության, հաշտության օրակարգով են հանդես եկել, սակայն ընդունում են, որ այդ օրակարգը Հայաստանում պարտվել է․ «Հայաստանում հաղթել է մուրճի և մանգաղի օրակարգը»։

Ժողովուրդն իրենց գաղափարները շատ լավ էր ընդունել, կարծում է Մարուքյանը, սակայն մի բան է ընդունել, այլ բան է քվեարկել դրա համար․ «Քվեարկությունը տեղի է ունենում որոշակի սիմպատիաների, վախերի արդյունքում, ինչ-որ բան բացառելու, ինչ-որ բան մերժելու արդյունքում։ Սա չդարձավ պարլամենտի ընտրություն, վերջին պահին այն դարձավ հանրաքվե։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին, դժգոհում էին նրանից, սակայն ընտրեցին, որ նախկինները հետ չգային»։

Մինչև վերջին երեք օրը իրենք ունեցել են անցողիկ տոկոսներ, վստահ է Մարուքյանը, սակայն այդ ամենը՝ վախերի ներքո, փոխվել է վերջին օրերին։

«Մեր Եղեգնաձորի ներկայացուցիչն ասում է, որ մարդիկ են գալիս, ասում են՝ կներեք, մենք որոշել էինք ձեզ ընտրեինք, բայց էդ ցույցը որ տեսանք, մտածեցինք՝ վերջ, հետ են գալիս, որոշեցինք այդ մի ձայնն էլ տալ իշխանությանը, որ դա տեղի չունենա», - ասաց ԼՀԿ առաջնորդը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ում մասին հայտարարում էր, որ դատելու է, մուրճով խփելու է, հիմա պատգամավոր են դարձել։ Հեղափոխությունից հետո էլ, երբ ժողովրդի մեծամասնությունը վստահություն էր հայտնում նոր իշխանությանը, իրենք հայտարարում էին, որ, միևնույն է, ընդդիմություն է պետք ձևավորել՝ որպես իշխանությանը հակակշիռ։

«Բայց իշխանությունն ամեն ինչ անում էր, որ իր օպոնենտը լինի խորհրդարանից դուրս՝ նախկին իշխանությունը։ Պատկերացնո՞ւմ եք այս խորհրդարանը․ ասեն՝ ասֆալտը չեք արել, պիտի կանգնեն, ասեն՝ բա հլը ձեր արած ասֆալտին, չգիտեմ որ գյուղում 30 տարի չէր արվել, մենք արեցինք։ Բռնություններից խոսեն, ասելու են՝ Պողոս Պողոսյանին դուք ծեծելով սպանեցիք։ Հեսա կսկսվի, կնայեք», - ասաց Էդմոն Մարուքյանը։