Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանեցյանը՝ Սոլովյովի հետ հացազրույցոմ արած «Крым наш» արտահայտության մասին (տեսանյութ)

Ընտրությունների նման արդյունքները սպասելի չէին «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի համար։ Այդ մասին նա ասաց ասուլիսում ու նշեց, որ վերջին 2-3 օրերի ընթացքում իրենք բազմիցս բարձրաձայնել են, որ դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբների աշխատակիցների նկատմամբ «տեռոր» է սկսվել։

«Դրա նպատակը մեզ տրվող ձայների քանակը նվազեցնելն էր, և բոլոր այդ դեպքերի հետ կապված՝ մեր իրավաբանները իրականացնում են քննություն», - ասաց Վանեցյանը։

Երեք նախագահների միավորման՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին հարցին նա պատասխանեց, որ արդյունքի մասին ենթադրություններ անել հնարավոր չէ, քանի որ առաջարկը մերժվեց և հնարավոր չէ ասել՝ ինչ կլիներ։

«Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեցին մեր երկրում եղած հարցերը՝ չլուծվեց արցախյան հակամարտության հարցը, չլուծվեց ՀՀ տարածքում արդեն մեկ ամսից ավելի գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, մոռացության չտրվեց հազարավոր զոհերի հարցը, չլուծվեցին տնտեսական հարցերը», - ասաց Արթուր Վանեցյանը։

Այս ընտրությունների արդյունքները դեռևս չեն ընդունել, նշեց Վանեցյանը։ Այժմ տեղեկություններ ու փաստեր են հավաքում պարբեր ընտրախախտումների և մնացածի վերաբերյալ, որպեսզի այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմեն։ Երբ կլինի արդեն ՍԴ-ի որոշումը, դրանից հետո որոշում կկայացնեն՝ ընդունո՞ւմ են արդյունքները, թե՞ ոչ։

Լրագրողը հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանը «Հայրենիքի փրկության շարժման» ընթացքում հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում երեք օրում իր կապերի միջոցով կվերադարձնի գերիների և հիմա, երբ թեևս իշխանություն չեն, բայց անցել են խորհրդարան, հնարավո՞ր է այդպես լուծել գերիների հարցը, Վանեցյանը պատասխանեց, որ նա ասել է՝ իշխանության գալու դեպքում առաջնային հարցերը լինելու են երկուսը՝ անվտանգային համակարգի արագ վերականգնում և գերիների վերադարձ։

«Իմ հայտնի հայտարարությունից հետո եղան շատ շահարկումներ, որ եթե կարող էի երկու-երեք օրում լուծել, ինչո՞ւ չեմ լուծել, բայց իմ հայտարարության մեջ եղել է այն, որ եթե մենք ունենանք իշխանական լծակներ, հնարավորություն հանդես գալ պետության անունից, ճիշտ աշխատանքի դեպքում մենք ի զորու ենք մի քանի օրում վերադարձնել գերիներին», - ասաց Վանեցյանը։

Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում հնչեցրած և մեծ աղմուկ բարձրացրած «Крым наш» արտահայտությունն ի՞նչ էր նշանակում հարցին Վանեցյանն ասաց, որ եթե բառացի թարգմանենք, նշանակում է՝ ինքն ասել է, որ Ղրիմը հայկական է, բայց ինքը նման բան չէր կարող ասել․ «Ի՞նչ եմ ես ասել․ դա եղել է պատասխան, որ ունի շարունակություն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անքակտելի է և ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ։ Ասել եմ, որ եթե Ղրիմի բնակչության 95%-ից ավել է, իր ազատ կամարտահայտության միջոցով, ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի ու առաջին հերթին հենց Հայաստանի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք արցախյան հակամարտության հարց»։