Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց․ 3 օր անց (տեսանյութ)

1995-ի ընտրություններից դիտորդները գոհ չեն: Նրանց գնահատականներով` քվեարկության գաղտնիությունը միշտ չէ, որ պահպանվում էր: Մեծ թիվ էին կազմում անվավեր քվեաթերթիկները: Չնայած ընտրատեղամասերում ընթացակարգի շեղումներին եւ ոստիկանության և անվտանգության ուժերի առկայությանը, ըստ դիտորդների, Հայաստանը մի քայլ արեց դեպի ժողովրդավարություն:

Կոմունիստական եւ սոցիալիստական ուժերի միությունը կասկածելի է համարում 1999-ի ընտրությունների արդյունքները, քանի որ ԿԸՀ-ն տոկոսները բարձրացնում եւ իջեցնում է ըստ քաղաքական ուժերի քմահաճույքների: Ըստ նրանց տեղամասային հանձնաժողովներն իրենց քվեները շփոթել են Կոմկուսի քվեների հետ, արդյունքում իրենց ձայները պակասել են:

Օրինաց երկիրն արձանագրում է, որ 1999-ի ընտրությունների ընթացքում բաժանվել է հսկայական քանակությամբ ընտրակաշառք, ահաբեկել են ընտրողներին, ընտրություններին միջամտել են քրեական հեղինակությունները: ՕԵԿ-ը պահանջում է վարչապետ Արմեն Դարբինյանի հրաժարականը, ինչպես նաեւ չեղյալ համարել Աբովյանի քաղաքում եւ մայրաքաղաքի 15-րդ ընտրատարածքի քվեարկության արդյունքները:

Դավիթաշենի 7-րդ ընտրատարածքի թեկնածու Համլետ Հովսեփյանը լրագրողների մոտ վիճարկում է Ռուբեն Գեւորգյանից կրած պարտությունը: Նա ասում է, որ քարոզարշավի ընթացքում դիտավորյալ անջատել են էլեկտրականությունը Դավիթաշենում, որ իր հեռուստախոսքը տեղ չհասնի: Այս թեկնածուն իր ընտանիքով դուրս էր մնացել ընտրացուցակներից եւ դրա համար էլ էր, ըստ նրա, մեղավոր Ռուբեն Գեւորգյանը:

1999-ի ընտրություններով ձեւավորված խորհրդարանում ՀՀՇ-ն կունենա միայն մեկ ներկայացուցիչ՝ Վանո Սիրադեղյանը: Ներքին գործերի նախարար լինելու ժամանակ որոշ դեպքերի համար արդեն գտնվում էր իրավապահների տեսադաշտում, սակայն որպես պատգամավոր դառնում էր անձեռնմխելի: «Միասնության» առաջնորդ Կարեն Դեմիրճյանը խոստացել էր, որ կվերացնի պատգամավորների անձեռնմխելիությունը:

2003-ի ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացառում է, որ նոր կառավարությունում հանրապետականը պատրաստ է ուժային որեւէ կառույցի պաշտոն զիջել դաշնակցականներին. «Ուժային պորտֆելներից քաղաքականացված պաշտոնը միայն պաշտպանության նախարարի պաշտոնն է, որը, բնականաբար, մենք որեւէ մեկին չենք զիջի»,-ասում է վարչապետը:

2007-ի ընտրություններից հետո նոր կառավարությունը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, որն էլ կլինի նաեւ հաջորդ տարվա նախագահի ընտրություններում Հանրապետականի թեկնածուն,-լրագրողներին ասում է Հանրապետականի մամուլի խոսնակը:  «Բայց, այնուամենայնիվ, վերջին խոսքը կասի պարոն Սարգսյանը»,-ավելացնում է պարոն Շարմազանովը:

Նոր խորհրդարան մտած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ իշխանությունը իր քաղաքական ուժից 130 հազար քվե է գողացել: «Կեսգիշերից հետո այդ 250 հազարը դարձավ 80 հազար` անվավեր քվեաթերթիկների, սխալ հաշվարկների եւ այլ միջոցառումների միջոցով: Եվ երբ եվրոպական դիտորդները հայտարարում են` առաջընթաց, միգուցե առաջընթացն այն է, որ 250 հազարը չվերածվեց 25 հազարի, այլ մնաց 80 հազար»,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

2012-ի ընտրություններից անմիջապես հետո քաղաքական հիմնական հարցը դառնում է այն, թե ում հետ կոալիցիա կկազմի Հանրապետականը: Գալուստ Սահակյանն ասում է, որ կոալիցիաներն ինքնանպատակ չեն: Դավիթ Հարությունյանը փառաբանում է ընտրացուցակները, որոնք հրապարակման ենթակա չեն։ Երեւան-Էջմիածին ավտոմայրուղու մի հատվածում՝ մի քանի կին 19-րդ ընտրատարածքում պատգամավորության նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» խաղատան դիմաց, նրան էին սպասում, մարդը քվեի դիմաց փող էր խոստացել։

2012-ին խորհրդարան մտած Հայ Ազգային Կոնգրեսը Շուշիի գրավման օրվա առիթով Հաղթանակ զբոսայգում է: Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրել էին Արցախ հաղթանակի տոնի միջոցառումներին, սակայն նա հրաժարվել է մեկնել: Հաղթանակի այդ օրերին վարչապետ եղած Հրանտ Բագրատյանը չէր էլ պատկերացնում, որ Հայաստանը բոլորովին այլ ուղղությամբ կգնա։:

Շուշիի ազատագրման ուղղակի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը հրավիրված չէր Արցախ՝ հաղթանակի տոնի միջոցառումներին: Նա այլ բան չէր էլ սպասում. «Նույնիսկ եթե հրավիրեին, մեր նմանները պիտի չմասնակցեին էդ շոուին, որովհետեւ ընդունելով հանդերձ տոնի նշանակությունը, մենք չենք ընդունում այդ շոուն»: 2012-ի ընտրություններից 3 օր հետո ոստիկանությունը որոշում է ԿԸՀ-ի դիմացն ազատել 7 օր շարունակ ընդդեմ ընտրությունների այստեղ հացադուլ անող Արտավազդ Վարդանյանի վրանից: Վարդանյանին բռնությամբ հանում են վրանից եւ կոչ անում հացադուլի փոխարեն անցնել նստացույցի հենց դիմացի նստարանին։