Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 22-ը հունիսի․ Երեւանում տեղի էին ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ (տեսանյութ)

1997-ի հունիսի 22-ին կապի եւ տրանսպորտի նախարար Գրիգոր Պողպատյանը հավաքել է լրագրողներին, որպեսզի պատմի «Արմենթելի» վաճառքի մանրամասներից։ Պողպատյանն ասում է, որ «Արմենթելը» վաճառում են փաթեթով եւ եթե Հայաստանում կան գնորդներ, կարող են գնել։ Նա տեղեկացրեց, որ «Արմենթելին» գերմանացիները 100 միլիոն դոլար վարկ են տվել, որը մարելու ոչ մի պարտավորություն պետությունը չունի։

1998-ի այս օրը նախագահ դառնալուց մոտ 90 օր հետո ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի Հայաստան կատարած այցից ոգեւորված Ռոբերտ Քոչարյանն ուզում է լրագրողների հետ կիսել իր ուրախությունը։ Միլիարդատերը Ռոբերտ Քոչարյանին խոստացել է ուղիղ 100 միլիոն դոլար, 10-ն արդեն ճանապարհին է, 85-ը կծախսվի ճանապարհաշինության համար, որը մեզ կհասցնի Սեւ ծովի նավահանգիստներ։

1999-ի այս օրը Լորիս Ճգնավորյանի նվագախումբը նվագում է Գյումրիի Ալեքսանդրապոլյան ամրոցի ավերակների մոտ։ Հնչում էր Չայկովսկու ուվերտյուրաներից մեկը, հընթացս որոտացին թնդանոթները ։ Այս տարածքում է գործում Ռուսաստանի ռազմական հենակետը։ Համերգից հետո Ճգնավորյանին հնարավորություն տրվեց մի թնդանոթային համազարկ եւ ավտոմատային կրակոց էլ անձամբ արձակել։ Պարզվեց վատ չի կրակում։ «Կանչ» մանկապատանեկան թերթի ընթերցողները 2000 թվականի հունիսի 22-ին կառավարություն պահանջում են վերադարձնել այդ թերթը, որը 1 միլիոն 700 հազար դրամ պարտքի համար դադարել է տպագրվել երկու ամիս առաջ։ Երեխաները բաց տեքստով ասում են՝ որոշել են մարտահրավեր նետել իշխանություններին։

Նույն օրը ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը դժգոհում է 4 օր առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրություններից։ Ընտրություններից առաջ մարդիկ են կալանավորվել, քաղաքական ուժեր են փակվել։ Այս ամենը շատ նման է հայաստանյան նախընտրական մթնոլորտին։ Նույն օրը Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթաժողովից վերադարձած Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ հանդիպել է Հեյդար Ալիեւի հետ եւ դրանով սկիզբ դրել Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտիվ գործընթացին։ Իսկ գագաթաժողովում ԱՊՀ ղեկավարները որոշել են ստեղծել ազատ տնտեսական գոտի։

2001-ի հունիսի 22-ին ԱԻՄ համագումարում ուսերին անհայտ նշանակության թիկնոց գցելով Պարույր Հայրիկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն։ Պարզ չէր, թե ինչու էր հեռացել, սակայն վերադառնում է, որպեսզի առաջիկա նախագահի կամ խորհրդարանական ընտրություններին ձեռք բերի իշխանական լծակներ  1941թ այս օրը սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։

2001-ի հունիսի 22-ին «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ վետերանների պակասություն դեռ չկա, իսկ ընդհանուր առմամբ՝ 16 հազարն են նրանք, որոնք ուզում են գնահատվել։

2002-ի այս օրը արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երեւանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ Դա կլինի Վարդան Օսկանյանի ու Իսմայիլ Ջեմի երկրորդ հանդիպումը:

2006-ի այս օրը Երեւանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: Նրան հետապնդող ավտոմեքենայից արձակված կրակոցներից Սեբաստիա 29 շենքի մոտ սպանվում է նաեւ պատահական անցորդ մի կին՝ 1969 թվականին ծնված Կարինե Սարգսյանը, որը դուրս էր եկել խանութից մթերք գնելու: Նույն օրը Ազգային Ժողովի պատգամավորների մի խումբ լրագրողներին պատմում է, թե ինչքան ջերմ ընդունելություն են գտել Բաքու մեկնելիս ։ Նրանց Հեյդար Ալիեւի պահակախումբն է դիմավորել։ Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած պատվիրակությունը Բաքու էր գնացել մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին։ Պատվիրակությունը Բաքվում նաեւ գնումներ է կատարել. «Հյուրանոցում կար լողավազան, մենք մեր հետ չէինք տարել, էդ գնեցինք։ Չսե՞մ էդ, մեկ էլ իկրա գնեցինք բոլորով, սեւ։ Որովհետեւ էնտեղ էժան ա»։

2009-ի հունիսի 22-ին դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին եւ անմիջապես համաներումով ազատ արձակում դատարանի դահլիճից։ Համաներումով ազատ են արձակվում նաեւ Սուրեն Սիրունյանն ու Ալեքսանդր Արզումանյանը Զանգվածային անկարգությունների եւ ապօրինի զենքի համար 8 տարով ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը երգում էր։ Բանտից դուրս գալուց հետո Մյասնիկ Մալխասյանը հրաժարվում է վերադառնալ Ազգային Ժողով։