Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում Փաշինյանը ափսոսանք է հայտնել, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում:

«Այսօր կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և կուզենայի լսել, թե ինչ լուծումներ եք տեսնում, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, փոխադարձաբար լսելիության ավելի բարձր աստիճան ունենան: Եվ այլ մտքեր, եթե Դուք ինչ-որ գաղափարներ ունեք և հարկ եք համարում, որ այսօր մենք այդ թեմայով քննարկում ունենանք»,-նշել է Փաշինյանը:

Մարուքյանն էլ նշել է․ «Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը  և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ  կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: