Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մրցակցային և լավ կազմակերպված, սակայն բևեռացված և խաթարված ագրեսիվ հռետորաբանությամբ․ միջազգային դիտորդներ (տեսանյութ)

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և արդյունավետ են կառավարվել՝ կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, ընտրությունները բնութագրվել են ծայրահեղ բևեռացվածությամբ և խաթարվել են հիմնական մրցակիցների կողմից ավելի ու ավելի հաճախակի հնչող վիրավորիչ խոսքով, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում կանանց ետնաբեմ մղելով, - ասված է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարությունում:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ ընտրություններին վերաբերող օրենսդրական դաշտը հիմնականում ընդգրկուն է, սակայն որոշ թերություններ դեռևս մնացել են: Դիտորդները նշել են, որ չնայած ընտրական համակարգում վերջին փոփոխությունները լայնորեն քննարկվել և սատարվել էին քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հանձնախմբերի մեծ մասի կողմից, փոփոխությունների՝ ընտրություններին այդքան մոտ ընդունման փաստը իրավական անորոշություն է առաջացրել և քիչ ժամանակ է թողել նոր կանոնների կիրառման կամ ընտրողներին փոփոխությունների մասին տեղեկացման համար:

«Չնայած ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունների իրականացման համար սահմանափակ ժամանակին, մեր դիտորդների մեծամասնության կողմից ընտրությունների կառավարչությունը դրական է գնահատվել, - ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Մարգարետա Ցեդերֆելտը: - Մեր դիտորդներից շատերը նույնպես դրական են գնահատել ընտրությունների օրը` մինչև և ներառյալ ձայների հաշվարկը»:

Ազգային անվտանգության խնդիրները քաղաքական դիսկուրսում գերակշռել են նախաքարոզչական և քարոզչական ժամանակահատվածում: Այնուհանդերձ, բանավեճը տարվել է ավելի ու ավելի հաճախակի հնչող ագրեսիվ խոսքով և մեղադրանքներով՝ վատթարացնելով բևեռացման բարձր աստիճանը և հետագայում նվազեցնելով ուշադրությունը քաղաքական ծրագրերի և քաղաքականության հանդեպ:

Ընտրությունների օրն ինքնին ընդհանուր առմամբ խաղաղ է անցել, և դիտորդները ճնշող մեծամասնորեն դրական գնահատական են տվել այցելված ընտրատեղամասերում քվեարկության գործընթացներին: Այնուհանդերձ, բազմաթիվ ընտրատեղամասեր անհասանելի էին հաշմանդամություն ունեցող ընտրողների համար, և հաճախակի մարդաշատություն է նկատվել: Եղել են նաև կուսակցությունների կամ դաշինքների վստահված անձանց կողմից քվեարկության գործընթացին միջամտելու որոշ դեպքեր: Միևնույն ժամանակ, դիտորդները պարզել են, որ ձայների հաշվարկի գործընթացն արդյունավետ և խիստ թափանցիկ է անցել:

«Խոր բևեռացումը չի նսեմացրել արդյունավետ անցկացված ընտրությունները», - ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսը: «Պետք է հուսալ, որ արդյունքները կընդունեն քաղաքական սպեկտրի բոլոր կողմերը, և քարոզչության կոշտ հռետորաբանությունը պատմության գիրկը կուղարկվի»:

Քարոզարշավի կարճ ժամանակահատվածում թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել, և ժողովրդավարական ընտրությունների առումով կարևոր հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են: Դիտորդները նշել են, որ որոշ դեպքերում ճնշումներ են գործադրվել ինչպե՛ս մասնավոր, այնպե՛ս էլ պետական հատվածի աշխատողների նկատմամբ՝ որպեսզի մասնակցեն քարոզչական որոշակի միջոցառումների, մինչդեռ ձայների գնման և պետական ռեսուրսների չարաշահման մեղադրանքները շարունակվել են քարոզչության ողջ ընթացքում: Չնայած այն հանգամանքին, որ կին թեկնածուները ընդգրկվել են կուսակցական ցուցակներում, դիտորդները նշել են, որ քարոզարշավի ընթացքում նրանց տեսանելիությունը զգալիորեն քիչ էր:

«Թեպետ վերջերս ներմուծված ընտրական փոփոխությունները հանգեցրել էին թեկնածուների ցուցակներում կանանց ավելի մեծ ներկայացվածությանը, նրանք քարոզչության ընթացքում հիմնականում բացակայել են հանրային քննարկումներից», - ասաց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը: «Կարևոր է, որ կանայք ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հասարակական և քաղաքական կյանքում»:

Խոսքի ազատությունը երաշխավորված է սահմանադրությամբ: Այնուհանդերձ, լրագրողների կողմից իրենց պարտականությունների իրականացման ընթացքում հետապնդումների ենթարկվելու դեպքերը հարցեր են առաջացնում՝ ԶԼՄ-ների ազատությունը հարգելու առնչությամբ: Դիտորդական առաքելության մեդիա մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի քանի լրատվամիջոցներ տեսանելի ջանքեր են գործադրել, որպեսզի մրցակիցների լայն շրջանակ լուսաբանեն՝ կազմակերպելով բանավեճեր, ինչն օժանդակել է ընտրությունների օրը ընտրողների տեղեկացված ընտրություն կատարելու առումով բավարար տեղեկատվության տիրապետման ապահովմանը: Միևնույն ժամանակ, կան վաղուց առկա մտահոգություններ՝  կապված մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելիության հետ:

«Բոլոր թեկնածուները կարող էին ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ողջ ընթացքում, և գոհացուցիչ էր տեսնել, թե ինչպես են ընտրական մարմինները իրենց մանդատը արհեստավարժ իրացնում», - ասաց ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին: «Սակայն քարոզչության ընթացքում մեր լսած անտագոնիստական խոսքը ոչ մի կերպ կառուցողական չէր՝ տեղեկացված հանրային քննարկումների առումով»:

Ընդհանուր առմամբ առաքելության կազմում ներկայացված են՝ 341 դիտորդներ 37 երկրներից, այդ թվում ՝ ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 249 փորձագետներ և երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդներ, 71 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ ԵԱՀԿ ԽՎ-ից, ինչպես նաև 21 անձ ԵԽԽՎ-ից :