Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կասկածո՞ւմ եք․ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, համար 7/3 ընտրատեղամասում։ Նա ժամանեց ընտրատեղամաս և թեև ընտրողների բավականին մեծ հերթ էր գոյացել, Ռոբերտ Քոչարյանն արտահերթ մոտեցավ ու քվեարկեց։ Նրա հետ էր կինը՝ Բելլա Քոչարյանը։

Քվեարկելուց ու ընտրատեղամասից դուրս գալուց հետո Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողը հարցեց՝ հանուն ինչպիսի՞ հայրենիքի քվեարկեց Ռոբերտ Քոչարյանը, նա ծիծաղելով պատասխանեց՝ կասկածո՞ւմ եք։ Հետո հավելեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։

Թե ինչ տեղ է զբաղեցնելու իրենց կառավարությունում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Քոչարյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ Կարապետյանն իրենց հետ է և թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, դեռևս չի քննարկվել։

Գիշերվանից «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական թռուցիկներ էին բաժանվում քաղաքում, նշեց լրագրողը, Քոչարյանն արձագանքեց, որ դա առաջին հերթին օրենքի կոպիտ խախտում է․ «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան նաև կադրեր ցանցում և այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե դա ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից։ Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»։

Արդյո՞ք նորմալ էր «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ Արմեն Չարչյանի վարքագիծը, երբ նա հրապարակված ձայնագրության մեջ, որի հիման վրա նրան ձերբակալել ու բաց էին թողել, ասում է իր աշխատակիցներին, որ անպայման պետք է գնան ընտրության, ինքը ցուցակները ստուգելու է, Քոչարյանը պատասխանեց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր։ Չարչյանն իր կարծիքն է ասել և ճնշման արտահայտություններ չէին դրանք։

Այն, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նաև այլ ուժեր խախտել էին լռության օրը, Քոչարյանը նշեց, որ դա ցույց է տալիս իշխանության դեմքը առաջին հերթին, որ որևէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ ու չեն ունեցել այս 3 տարիների ընթացքում։

Հետընտրական գործընթացների վերաբերյալ նա նշեց, որ պետք չէ առաջ ընկնել․ ընտրություններից հետո ամեն ինչ կերևա։

Թեև լրագրողները բավականին շատ հարցեր ունեին, նա սահմանափակվեց մի քանի հարցի պատասխանելով ու հեռացավ։