Բացել լրահոսը Փակել լրահոսը
1055822
A A
Քաղաքականություն

ՀՔԾ-ն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

«Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՀՔԾ-ից:

 

Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ  որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Չարչյանին վերագրվող ձայնագրության մեջ, մասնավորապես, հնչում է. «Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա և, այսպես ասած, «պոլն ի պռախոդնի» տեղ ա: Բայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ, ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյան, ձեր կոլեգան, բժիշկ, քաղաքացի, Հայ֊առաքելական եկեղեցու հետևորդ։ Մենք պետք ա, եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։ Պարտադիր պետք է գնաք ընտրությունների, թողնել, որ քո տեղը ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էտ նշանակում ա, որ քո երեխաների, քո թոռների, քո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացի, տեսա՞ք էս ինչ արին սրանք, և այլն, և այլն։ Չէ: Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների:»