Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մգեր ԱՐմենիա
A A
Քաղաքականություն

Ես իմ ձայնը կբարձրացնեմ և կասեմ իմ կարծիքը․ Մգեր Արմենիան վաղը կխոսի

Աժ արտահերթ  ընտրություններին մասնակցել երգիչ Մգեր Արմենիայի՝ Մհեր Մեսրոպյանի հիմնադրած «Ազգի ձայնը» կուսակցությանը ոչ թե թույլ չեն տվել, այլ նրանք չեն ցանկացել ու չեն ներկայացրել իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։  «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց Մհեր Մեսրոպյանը։

«Մենք ցանկություն չենք հայտնել մասնակցելու, եթե չենք հայտնել, ինչպե՞ս կարող էին մերժել։ Թյուրիմացությունը սկսվել է նրանից, որ փաստաթղթերի հանձնման օրը, տեղյակ չլինելով, որ լրագրողներն էլ են լինելու ԿԸՀ-ում, գնացել էի այնտեղ կոնսուլտացիայի։ Ինձ տեսել էին որոշ լրագրողներ ու ենթադրել էին, որ եկել էի թղթերը հանձնելու»,- ասաց նա։

Թե ինչու որոշեցին չմասնակցել, Մգեր Արմենիան նշեց, որ այս խաղի մեջ ուժեղ քաղաքական ուժեր են հավաքվել՝ նախկին ղեկավարներ և այլն։ Իրենք սկսնակ քաղաքական ուժ էին, ինքն այս փուլում պարզապես ծանոթացավ քաղաքական դաշտին, քանի որ 40 տարի չէր զբաղվել քաղաքականությամբ. «Մենք կմասնակցենք մյուս բոլոր ընտրություններին։ Շատերը վերագրում էին, որ ես ուզում եմ վարչապետ դառնալ։ Ես ընդհանրապես չեմ կարող մասնակցել որպես Մհեր Արմենիա, ես իմ կուսակցության դեմքն եմ ներկայացնում։ Ես երկու երկրների քաղաքացի եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի ու չեմ կարող հավակնել պատգամավոր լինել կամ հայտնվել խորհրդարանում»։

Նախընտրական քարոզարշավին հետևում են և, նրա խոսքով, սա ճակատագրական պահ է ու պետք է մի կողմ դնել ամբիցիաներն ու կատարել ընտրություն Հայաստանի ապագայի համար. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի այս ընտրություններին, պետք է բարձրացնի իր ձայնը և ամոթ այն քաղաքացուն, որ այս ընտրություններում իր ձայնը կվաճառի։ Կարելի է վերցնել մարդու երազանքները, ունեցվածքը, բայց ձայնը չի՛ կարելի»։

Թեև հունիսի 19-ին լռության օր է, բայց Մգեր Արմենիան նախընտրում է այդ օրը հայտնել, թե ում կսատարեն այս ընտրություններում, քան դա անել քարոզարշավի ընթացքում, որպեսզի իրենց հայտարարությունը չշահարկվի. «Ես որպես քաղաքացի, մշակույթի գործիչ, իմ ազգի դրոշը բարձր պահած մարդ իմ ձայնը կբարձրացնեմ քարոզարշավից հետո։ Վաղը՝ օրվա մեջ, ես իմ ձայնը կբարձրացնեմ և կասեմ իմ կարծիքը, թե որ քաղաքական ուժին ես կսատարեմ կամ չեմ սատարի»։

Շատ մշակութային գործիչներ և մտավորականներ վերջին օրերին որոշ ուժերի սատարելու հայտարարություններով են հանդես գալիս, Մհեր Արմենիան հայտնեց, որ նմանատիպ ֆլեշմոբների մեջ ներգրավված չէ և որևէ մեկից նման առաջարկ չի ստացել։

Ինչ վերաբերում է  հեընտրական հնարավոր զարգացումներին, ապա․

«Քաղաքացիներն իրավունք չունեն իրար հանդեպ լարված լինեն։ Չէ՞ որ մենք մեր գրպանից վճարում ենք այն քաղաքական ուժին, որին վստահում ենք երկրի ղեկը։ Մենք պահանջատեր պետք է լինենք ոչ թե իրարից, այլ երկրի ղեկավարությունից, քաղաքական իշխանությունից։ Մեր ազգի հաջողությունը միայն համախմբվածության մեջ է»,-ասաց նա։