Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ժողովուրդը «ինչքան ուզի, էնքան էլ կխփի»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի հանրահավաքին (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է քարոզարշավը եզրափակելու մասշտաբային տարբերակն ու Հանրապետության հրապարակում հավաքել իրենց բազմաթիվ աջակիցներին՝ ամբողջ Հայաստանից:

ՀՀ օրհներգից ու մեկ րոպե լռությամբ պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հարգելուց հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը ելույթը սկսեց, ասելով, որ աղմուկի մեջ դժվար է հասկանալ` ով է ճիշտ, ով է սխալ, ով է ազնիվ, ով` անազնիվ, իրենք անսխալական չեն, բայց չի նշանակում, որ առանց հիմնավորումների կարելի է իրենց մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ, որոնք իրենք չեն գործել:

«Մեզ չեն ներում իշխանություն ձևավորելու, ձեր իրավունքը պահպանելու համար, ձեզ չեն ներում՝ մեր կողքը կանգնելու համար, ինքներդ ձեր կողքը կանգնելու համար», - աաց Լիլիթ Մակունցը: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ դժոխքի միջով անցնելուց հետո, իրենց չկերան սատանաներն ու դևերը միայն այն բանի շնորհիվ, որ ժողովուրդը իրենց կողքին էր, թիկունքին, դիմաց ու հետևում. «Եղան նաև այնպիսիք, ում հավատը սասանվեց: Պետք է խոսել սառն ու փաստերով»:

Նա փորձեց ամփոփել, թե ինչ են արել երեք տարիների ընթացքում, սակայն շեշտեց, որ երեք տարի ասելով չպետք է մոռանալ, որ առաջին գրեթե մեկ տարին չկար խորհրդարանական մեծամասնություն ու միայն 2019թ. դեկտեմբերին այն ձևավորվեց.

«2020թ. մարտից, ապրիլից արդեն, կորոնավիրուսի համավարակն ամբողջովին փոխեց աշխարհի ու մեր երկրի կյանքը: Եվ հիշեք նաև պատերազմն ու հետպատերազմյան շրջանը: Իրականում, մենք մեկ ու կես տարի ունեինք»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անմիջապես հանրահավաքից հետո գնալու է Հանրային հեռուստաընկերության բանավեճին ու ակնկալում է այնտեղ տեսնել այս ընթացքում իրենց մասին «ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին».

«Եկե՛ք և ուղիղ եթերում կանգնենք ժողովրդի առաջ և ի ցույց դնենք, թե ով ով է, ով որտեղից է գալի և ուր է գնում»:

Նա նույնպես հաստատեց, որ նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին: Նախընտրական քարոզարշավ մուտք գործեցին պատերազմի և պատերազմական դժոխային ճանապարհից հյուծված, սպառնալիքների ու դավադրությունների շարքից խոցված.

«Այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի և փարվեցինք ՀՀ ժողովրդին ու ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին»:

Ապագայի մասին իրենց պատկերացումները 4 հենասյուների վրա են հիմնված, ասաց Նիկոլ Փաշինյանը.

«Առաջին հենասյունը անվտանգությունն է, երկրորդը` տնտեսությունը, երրորդը` իրավունքն ու արդարությունը և չորրորդ հենասյունը` մարդկային կապիտալի զարգացումը»:

Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը պետք է ապահովել Ռուսաստանի և Իրանի հետ, շեշտեց Փաշինյանը, սակայն նա ընդգծեց, որ այդ համատեքստում իրենց Կառավարությունը չի՛ քննարկել, չի՛ քննարկում և չի՛ քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: 

«Կոմունիկացիաների բացման համատեքտում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք», - ասաց Փաշինյանը:  

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց` ժողովրդի դեմ խաղ չկա, ժողովուրդը «ինչքան ուզի, էնքան էլ կխփի»: Նա խնդրեց ժողովրդին ճանապարհ բացել և ուղեկցել իրեն դեպի բանավեճ: