Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ծառուկյանը հանրահավաք արեց Երեւանում (տեսանյութ)

Երևանի Ազատության հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ սպասում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանին: Վերջինս հրապարակին մոտենում էր քայլելով Հյուսիսային պողոտայով: Մինչև Ազատության հրապարակում տեղադրված բեմահարթակ հասնելը, Գագիկ Ծառուկյանն անցավ մարդկանց բացած միջանցքով` ողջունելով նրանց ու վերցնելով ծրարներով նամակները: 

Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանն ու նշեց, որ այս ընտրությունները հայրենիք ունենալ կամ չունենալու ընտրություններ են և բոլորը պետք է քվեարկեն հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարի: 

«Մեր քարոզարշավը սկսել ենք Տավուշի ու Գեղարքունիքի մարզերից, որ մեկ գիշերվա ընթացքում դարձել են սահմանամերձ ու սահմանապահ: Բոլոր համայնքներում մարդկանց աչքերում տեսել ենք տագնապ, վախ, անհանգստություն՝ իրենց ապագայի հետ կապված: «Բարգավաճ Հայաստանն» ասում է` մեզ տալով ձեր վստահության քվեն` ձեր երեխաների ապագան լինելու է անվտանգ, լինելու է հզոր», - ասաց Իվետա Տոնոյանը: 

Գագիկ Ծառուկյանը պետք է ընտրվի վարչապետ, որովհետև, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանի կարծիքով, մնացածն արդեն փորձել են իրենց ու ապացուցել, որ անկարող են գերազանց կատարել իրենց գործը, իսկ Ծառուկյանը դա անել միանշանակ կարող է. «Մենք 10 տարի է` ընդդիմություն ենք ու պետք է հնարավորություն ունենանք մեր ծրագրերը կյանքի կոչելու»:

Իսկ թե ինչ է ուզում անձամբ՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր նպատակն է` օգտակար լինել հայրենիքին, երկրին ու ժողովրդին.

«Այսօր առաջնային պետք է ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը, որ օր օրի ավելի դժվար է լինում: Պետք է ավելի լավացնել Ռուաստանի հետ բարեկամական կապը»: 

Նրա կարծիքով` երիտասարդները, 18-20 տարեկան տղաները, թեև հերոսներ են ու իրենց կյանքը չեն խնայում, բայց չպետք է լինեն առաջնագծում: Սահմանը պետք է պահեն պրոֆեսիոնալները` ռուս գործընկերների հետ միասին: 

Մարդիկ վարկեր ունեն ու դժվարանում են մարել դրանք, նշեց Ծառուկյանը: Իրենց գրեթե բոլոր քարոզարշավներին ու հավաքներին հիմնական շեշտը նա դնում է մարդկանց վարկերը թեթևացնելու վրա: Նաև շեշտեց մարզերում սառնարաններ կառուցելու անհրաժեշտությունը, որպեսզի գյուղացիները կարողանան մթերել իրենց բերքը: 

«Մեծ գումարներ պետք չէ գյուղատնտեսության մեջ: Պետք է կազմակերպել գործարաններ, սառնարաններ, ընդունման կետեր: Փաթեթավորել, ուղարկել Արաբական երկիր: Ես նշում եմ, որ կարող եմ մեծ գումարներ բերել, ինձ ասում են` Ծառուկյա՛ն ջան, պետք է անպայման իշխանությո՞ւն լինես, որ գումար բերես: Ես ասում եմ` ո՛չ, ես 20 մլրդ բերել եմ, չեն վերցրել, բերել եմ 1%-ով, 10 տարի ժամկետով», - ասաց Գագիկ Ծառուկյանը: 

ԲՀԿ առաջնորդը չմոռացավ նաև Երևանն ու երևանցիներին և խոսեց վթարային շենքերի մասին, որոնց հարցը պտք է լուծել շինարարական մեծ կազմակերպության հետ.

«Պետք է դիմեն, պրոեկտը գծեն, ասեն` ժողովո՛ւրդ ջան, ոչ մի բան չենք ուզում, հարգելի՛ շինարար կազմակերպություն, տալիս ենք քեզ 15 հարկ պրոեկտը, թող տա շինարարին, շինարարը մեկ տարվա ընթացքում 15 հարկ կառուցի, 4-5 հարկը տրամադրի բնակչությանը, մնացած հարկերը վաճառի»: 

Այսօր Երևանում, նրա կարծիքով, բնակարանների հետ կապված լուրջ խնդիր կա, երկու սենյակում 4-5 մարդ է ապրում. «Տղան չի կարողանում ամուսնանալ, ամաչում է` երկու սենյակ, 5 հոգի: Վարձերն էլ բարձր` 250-300 հազար, ո՞նց ամուսնանա: Ցանկացած վարչական շրջանում թող կառուցվի 10 հազար քմ բնակելի շենք` երիտասարդ ընտանիքի համար»: