Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 3 օր առաջ. բախում, ձերբակալություններ, արցունքաբեր գազ (տեսանյութ)

1995-ին, ընտրություններից 3 օր առաջ, «Ազգ» թերթը ամփոփում է մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծախսերը: Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ-ը 600 հազար դրամ է ծախսել, ռամկավարները 522 հազար դրամ: ՀՀՇ-ն խուսափում է թերթին թվեր ասել` նշելով, որ դիցուք հեռուստատեսության վրա գումարներ ծախսելու հարկ չկա, քանի որ հեռուստատեսությունն ինքն է հետամուտ ՀՀՇ-ին գովազդող անվճար նյութեր հեռարձակելուն:

1995-ի Ազգային Ժողովի առաջին ընտրություններից անմիջապես առաջ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը տեղեկացնում է, որ Հայաստանում զգալիորեն բարելավվել է էլեկտրամատակարարումը: «Հայէներգո» պետական կոնցեռնում դա պայմանավորում են գազի նորմալ մուտքով, ցերեկը էլեկտրաէներգիան մատակարարվում է 4-ից 6 ժամ, իսկ ամբողջ գիշերը՝ առանց ընդհատելու: Ընտրությունների եւ հանրաքվեի օրն անվճար կաշխատի նաեւ Երեւանի մետրոպոլիտենը:

ԱԺՄ-ն ամփոփում է 1999-ի քարոզարշավը եւ հայտարարում, որ անկախ արդյունքներից, ինքը նախարարական որեւէ պաշտոնի չի հավակնում: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը նկատում է, որ ասֆալտ փռելով անգամ ոչ ոք պատգամավոր չի դառնա, եթե իշխանության հովանավորությունը չունի: Իսկ գործադիր իշխանությանը ձեռնտու են այն պատգամավորները, որոնք խոցելի են իրենց անցյալով։

Քանաքեռ-Զեյթուն թաղամասի 25-րդ ընտրատարածքի 2 հազար ընտրողներից 6 հարյուրը ծնվել են 1900 թվականի հունվարի 1-ին: Ընտրացուցակային այս նոնսենսը Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության հայտնագործությունն է: Միությունը դիմել է թաղապետին, որն անպատասխան է թողել դիմումը:

Ընտրացուցակների հետ կապված կոպիտ խախտումները բառացիորեն հանրահավաքի պատճառ էին դարձել Կենտրոն համայնքի բնակիչների համար: Նրանք բողոքում էին, որ մոտ 600 ընտանիքի դուրս են թողել ընտրական ցուցակներից: Հիմնականում Կոնդեցիներ: Փոխարենը մահացածներն էին մեծ թիվ կազմում եւ Կենտրոնում չբնակվողները: Տեղի ունեցածի համար կոնդեցիները մեղադրում են թաղապետ եւ պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանին: Միայն ԿԸՀ գնալուց հետո են ընտրողները ստանում իրենց պահանջի բավարարումը։

«Հայրենիք» դաշինքի ղեկավար Էդվարդ Եգորյանը համոզված է, որ 1999-ի խորհրդարանի ընտրությունների խախտումները 5 անգամ գերազանցելու են 1995-ի խախտումները: Ընդդիմադիր պատգամավորը այդ հարցում մեղադրում է ԿԸՀ-ին, որը տարբեր որոշումներ է ընդունում ի օգուտ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի:

Կոմունիստները համոզված են, որ 1999-ի ընտրություններից 3 օր առաջ իրենք ամենաբարձր վարկանիշն ունեն: Եվ դա իրենք չափել են ոչ թե մորթված ոչխարների գլխաքանակով, այլ մարդկանց հավատով:

Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ հերքում է «Օրինաց երկրի» կապը Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի հետ: «Նոր կուսակցություն ենք, թողեք կայանանք»,-ասում է  Բաղդասարյանը: Դիցուք, Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ իրենց հանդեպ կոպիտ են եղել։

12-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանն իր քարոզարշավն ավարտում է բեմական միջավայրում, թատերական լուսավորության ներքո: Գործարար թեկնածուն ասում է, որ շարունակելու է զբաղվել ընտրողների սոցիալական եւ կրթական հարցերով։

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ընտրություններից առաջ արդեն ընտրակաշառքի բազմաթիվ դեպքեր է արձանագրել: Նա, սակայն, չի ասում, թե բաժանողներն ովքեր են, սակայն տեղի ունեցածը բնորոշում է իբրեւ լկտիություն եւ ցինիզմ: 2007-ի ընտրություններից 3 օր առաջ «Իմիպիչմենտ» դաշինքը բողոքի երթ է կազմակերպում դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք ընդդեմ քաղաքական հետապնդումների: Ոստիկանության հատուկ ջոկատները սպասում էին նրանց: Ցուցարարները դիմադրում են հատուկ ջոկատայիններին, տեղի է ունենում բախում: Տեղի են ունենում ձերբակալություններ, բաց է թողնվում արցունքաբեր գազ: Որոշ բանակցություններից հետո ձերբակալվածներն ազատ են արձակվում, իսկ ցուցարարները վերադառնում են Ազատության հրապարակ։

Ընտրություններից առաջ ԿԸՀ-ն միջոցներ է ձեռք առնում քվեախցիկներում քվեաթերթիկները բջջային հեռախոսներով լուսանկարելու հնարավորության դեմ «Իհարկե, բջջայինները չենք կարող վերցնել մարդկանց ձեռքներից, բայց քանի որ խցիկները բաց են, ապահովվում են գաղտնիությունը, նաեւ թույլ են տալիս հանձնաժողովի անդամներին տեսնել, թե ինչով է զբաղված ընտրողը»,- նիստից հետո լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:

2012-ի ընտրություններից 3 օր առաջ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը դեռ չի հաշտվում ընդդիմադիր միասնական շտաբի գոյության փաստի հետ՝ դա նման է կեղծ ամուսնության։ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի մոտ քարոզարշավի այս օրը հացադուլ է սկսում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը: Վերջինս հացադուլի նպատակը բացատրում է այսպես՝ մեզ արդար ընտրություններ չեն սպասվում։

«Բարգավաճ Հայաստանը» Մատենադարանում է ամփոփում իր քարոզարշավը: Առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անձրեւի տակ առանց անձրեւանոցի կանգնած ասում է, որ ինքը պատրաստ է կորցնել ավելին: Իսկ ընտրախախտում անողների համար այս մկանուտ մարդը լավ ժամանակներ չի խոստանում:

Քվեաթերթիկում 7-րդ տեղը զբաղեցնող Հանրապետականը այս օրը ներկայանում է տեսահոլովակով, որի կենտրոնական դեմքը Սերժ Սարգսյանն է՝ աղ ու հաց կիսելիս, մարդկանց հետ զրուցելիս, երեխաներին շոյելիս: Շուշան Պետրոսյանի ձայնը հիշեցնում է, որ Հանրապետականը դժվար ճանապարհ է անցել՝ փառք Հայրենիքին, առաջ պիտի գնանք։

Հայ Ազգային Կոնգրեսը քարոզարշավն ամփոփում է Ազատության հրապարակում: Տեր-Պետրոսյանն ասում է, որ արդար ընտրությունների անցկացումով շահագրգռված է երեք քաղաքական ուժ՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը»։