Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոմկուս
A A
Քաղաքականություն

Երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը․ Կոմկուսի հայտարարությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը․

Հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետությունը, իր երեսնամյա անկախության ընթացքում, երբեք չի գտնվել այնպիսի ծանր ու հալածված վիճակում, որում հիմա է։ Սույն թվականի հունիսի 20ին տեղի կունենան ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի, ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից՝ գաղափարական պայքարի բացակայություն, հասարակության ծայրաստիճան բեւեռացում, արհեստականորեն ստեղծված եւ ձայն գողացող քաղաքական ուժեր, ատելության գեներացում եւ այլն։

Քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չեն առաջարկում երկրի սոցիալ- տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով, որի գաղափարի շուրջ հնարավոր կլիներ համախմբել ժողովրդին։ Հետեւաբար երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը, որոնք իրենց սին եւ մերկապարանոց, արհեստածին գաղափարները՝ ազգայինի շղարշի տակ փորձում են փաթաթել մարդկանց վզին։ Այդ ուժերը տանում են բացահայտ «պանթուրքիզմի» քարոզ՝ այն է աշխարհաքաղաքկան վեկտորի փոփոխություն դեպի արեւմուտք, ԱՄՆ, ՆԱՏՕ։

Դրա հետեւանքը կարող է լինել Հայաստանի Հանրապետության, որպես իրավաքաղաքական սուբյեկտի իսպառ վերացում։ Հարգելի հայրենակիցներ, ընկերներ։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առավել քան հավատում է ձեր իրատեսությանը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ շահերի ճիշտ զուգորդման դեպքում է միայն հնարավոր մեր հայրենիքի վերածնունդը։

Վստահ ենք, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը եւ իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության եւ անվտանգության օգտին։ Իսկ քաղաքական ուժերին կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն եւ իրենց անձնական ամբիցիաների ու շահերի համար, մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին չտանել քաղաքացիական առճակատման։ Ողջախոհություն եւ տոկունություն բոլորիս։