Բացել լրահոսը Փակել լրահոսը
բարսեղյան
A A
Քաղաքականություն

40 հարցապնդում, որին պատասխանել է ընդամենը 8 ուժ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մայիսի 31-ին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերին նամակով հարցում է հղել՝  խնդրելով պատասխանել  40 հարցապնդման։  Այդ պատասխանները զետեղվում  են  www.compass2021.am կայքում, որպեսզի քաղաքացիներն էլ պատասխանելով նույն հարցերին, վերջում իմանան թե որ քաղաքական ուժի մոտեցումներին որքանով է համընկնում իրենց մոտեցումը Հայաստանի մարտահրավերների լուծումների շուրջ:
 
Ըստ Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ՝  ընդամենը 8 քաղաքական ուժ է պատասխանել հարցմանը, երեքը որոշել են չպատասխանել, մեկ էլ գրել է, թե «առաջարկությունների համար շնորհակալ ենք»:
 
200960562_10225878977310478_3320486974248733251_n (1).jpg (170 KB)
 
«Հարց-պնդումները շատ հասարակ են ձեւակերպված, սակայն մյուսները դժվարացել են պատասխանել, գուցե չեն մտածել այդ մասին, բայց իշխանություն ուզում են ստանալ: Հարկավոր էր պատասխանել ընդամենը «համաձայն եմ», կամ «համաձայն չեմ», կամ «դժվարանում եմ պատասխանել», եւ ունեին մեկնաբանության հնարավորոթյուն:
»,-ասում է Լեւոն Բարսեղյանը՝  գործընկեր լրագրողներին խնդրելով, թե, եթե հարմար կհամարեն, այդ հարցերը ուղղել հրաժարված քաղաքական ուժերին։
 
 
Ահա հարցապնդումները.
1. Հայաստանի անվտանգությունը պետք է շաղկապած պահել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ:
2. Հայաստանը ավելի պաշտպանված կլինի, եթե ԵՄ կողմնորոշումը դարձնի իր առաջնահերթությունը:
3. Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
4. Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից:
5. Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:
6. Արցախի հանրապետությունը պետք է մտնի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:
7. Արցախի անկախության ճանաչումը ՀՀ կողմից եւ միջազգային մակարդակում մեր առաջնահերթությունն է:
8. Արցախի հարցի լուծումն ընդունելի է հետեւյալ տարբերակով. Արցախի ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում եւ Հայաստանին կապող ճանապարհ:
9. Զենք կրելու իրավունքը հարկավոր է ազատականացնել:
10. Ոչ մի դիվանագիտական հաղորդակցություն չի կարող լինել Թուրքիայի հետ առանց Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման:
11. Հարկավոր է առանց միջնորդների դիվանագիտական հաղորդակցություն հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:
12. Չի կարելի Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի դիմաց տարածքային զիջումներ անել Ադրբեջանին:
13. Դատավորներն անձամբ պետք է հատուցեն իրենց անարդար վճիռների հետեւանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռների վնասները:
14. Հայաստանում մինչեւ 2018 թ. մայիսը համակարգային կոռուպցիա է եղել:
15. Հայաստանում 2018 թ. ապրիլ-մայիսին եղածը հեղափոխություն էր:
16. Ապօրինի կերպով հարստացած անձանցից հարկավոր է վերադարձնել ակտիվները (գույք, դրամ եւ այլն) պետությանը:
17. Հայաստանում հարկավոր է իրականացնել դատավորների, ոստիկանության, քննչական մարմինների եւ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների քննազտում կամ վեթինգ՝ վարած գործերի ուսումնասիրմամբ, մասնագիտական քննությամբ, գույքային օրինավորությամբ եւ շահերի հայտարարագրմամբ:
18. Հայաստանում հարկավոր է ներկա եւ նախկին պաշտոնյաների լյուստրացիա իրականացնել:
19. Հարկավոր է նվազեցնել ՀՀ վարչապետի լիազորությունները եւ դրանք հանձնել խորհրդարանին:
20. Հարկավոր է ավելացնել Հայաստանի նախագահի լիազորությունները` պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը:
21. 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դեռ ամբողջովին չի բացահայտված:
22. Անհրաժեշտ է 2008 մարտի 1-ի ապօրինությունների եւ սպանությունների գործով քննությունը շարունակել եւ բացահայտել բոլոր հանցագործներին:
23. Հակամենաշնորհային օրենսդրությունը Հայաստանում արդյունավետ է գործում:
24. Առանց Արցախյան հակամարտության լուծման հնարավոր է այնպիսի քաղաքականություն վարել, որ Հայաստանը տնտեսապես զարգանա:
25. Մաքսային եւ հարկային ներկա վարչարարությունը չի վնասում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը:
26. Անհատի եկամտից համահարթ (բոլորից նույն մասնաբաժնով՝ տոկոսով) հարկման համակարգը ավելի նպատակահարմար է Հայաստանում կիրառել, քան պրոգրոսիվ (քիչ եկամուտ ունեցողից՝ քիչ, շատ եկամուտ ունեցողից՝ ավելի շատ) հարկման համակարգը:
27. Համայնքների խոշորացումը պետք է իրականացվի միայն բնակիչների համայնքների բնակիչների համաձայնությամբ:
28. Հարկավոր է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ ֆինանսավորումը՝ նվազեցնելով պետական իշխանության լիազորությունները տեղերում:
29. Հայաստանում պետական համակարգի դրվածքը խտրական է տարբեր համայնքների նկատմամբ:
30. Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի՝ անվտանգության նկատառումներով:
31. Հանքարդյունաբերության օրենսդրությունն ու պրակտիկան Հայաստանում ավելի շատ վնասում է երկրին, քան զարգացնում այն:
32. Կրոնական, ազգային, էթնիկական, սեռական եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները նույնպես կարող են զբաղեցնել բարձր պաշտոններ ուժային կառույցներում, օրինակ՝ ՊՆ նախարար, դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար:
33. Հայաստանին հարկավոր չէ ունենալ խտրականության դեմ օրենսդրություն:
34. Համայնքային մանկապարտեզներում եւ պետական դպրոցներում բոլոր երեխաների համար կրթությունը պետք է լինի համահավասար՝ որակով, անվճար եւ հասանելի՝ անկախ բնակության վայրից:
35. Պետք է ներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրում՝ պետական միջոցների հաշվին:
36. Մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել:
37. Մոտակա 4-5 տարում հնարավոր է լուծել աղետի գոտու եւ այլ բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության հարցը:
38. Քաղաքացիական հասարակությունը (հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, միությունները, ակտիվ քաղաքացիները) պետք է իրականացնի պետական իշխանության մարմինների գործունեության վերահսկողություն եւ ազդի որոշումների կայացման վրա:
39. 2020 թ. պատերազմում Հայաստանը պարտվել է հեղափոխության պատճառով:
40. Հայաստանում ժողովրդավարությունը վտանգում է ազգային անվտանգությունը:
 
Պարզելու  համար ում տեսակետներն են ավելի մոտ ձեզ՝ հարցմանը կարող եք մասնակցել այստեղ ՝
 
201251434_10225878978150499_3329946799506239652_n.jpg (122 KB)