Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինքնահրկիզման փորձ Երևանում՝ հարկադիր կատարողների գալուց հետո (տեսանյութ)

 Շտապօգնության մեքենան Երևանի կենտրոնից՝ Սարյան 44 հասցեից հիվանդանոց տարավ ինքնահրկիզման փորձ արած քաղաքացուն։ Նա շենքի մուտքում բենզին էր լցրել վրան, ինքնահրկիզվել ու մտել բնակարան։  Քաղաքացին  հոսպիտալացվեց տարբեր աստիճանի այրվածքներով ։ Մինչ մեքենայի շարժվելը, քաղաքացին հայտարարեց, որ իրեն ապօրինի են վտարում։

Ըստ ականատեսների՝  քաղաքացին արդեն այրվելով մտել է բնակարան, այնտեղ են եղել ոստիկանության և հարկադիր կատարման  ծառայողները, որոնք,  երբ փորձել են  մոտենալ նրան և օգնություն ցույց տալ,  այրվածքներ են ստացել։ Նրանից երկուսի այրվածքները խորն էին ու նրանց նույնպես հոսպիտալացրել են։  

Ա1+-ի հետ զրույցում Ալբերտ Կանդալյանը հայտնեց, որ  Գարգարյանների ընտանիքի բնակարանի հետ կապված դատական գործերը տարիներ առաջ են սկսվել։ 

Ըստ նրա՝   կեղծելով տան տիրոջ ստորագրությունը, բնակարանը մեկ այլ մարդու է վաճառվել եւ ընտանիքին դուրս գալու պահանջ ներկայացվել։ Նրանք դիմել են Վարչական դատարանը։   Հունիսի 9-ին ստացել են որոշում, որով կասեցվում էին հարկադիր մարմնի բոլոր գործողությունները՝ կապված  վտարման հետ։ Որոշումը, ինչպես նշված էր, ուժի մեջ էր մտնում ստանալուց 5 օր անց և ենթակա էր բողոքարկման նույն այդ ժամկետում։

Հարկադիր կատարման ծառայությունից, սակայն, նշում էին, որ իրենք տվյալ որոշումը ստացել են հունիսի 14-ին, բողոքարկել են և իրավունք ունեն արդեն այսօր՝ հունիսի 15-ին կատարել իրենց գործողություններն ու դուրս հանել ընտանիքին բնակարանից։ Չնայած ընտանիքի և նրանց փաստաբանի դիմադրությանը՝  վտարումն իրականացվեց։

ԴԱՀԿԾ լրատվական բաժնից  տեղեկացրին, որ «ծառայությունը կատարողական գործողությունները կասեցնելու մասին դատարանի որոշումը ստացել է վտարվող պարտապանից 14.06.2021 թվականին, որի մեջ հստակ նշված է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում եւ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով։ Այլ կերպ ասած՝ Ծառայության գործողությունները եղել են օրենքի սահմանում, քանի որ վտարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը օրինական ուժի մեջ չի մտել»։

Ի դեպ, այրվածքներ ստացողներից մեկը հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շ-ն  է, որը «իր անմիջական մասնագիտական պարտականությունները կատարելիս տեսնելով ինքնահրկիզման փորձ անող քաղաքացուն, շտապել է օգնություն ցուցաբերել, ինչի արդյունքում ինքը եւս ստացել է այրվածքներ»։

Այս պահին բժիշկների գնահատմամբ նրա վիճակը կայուն ծանր է։