Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 5 օր առաջ. (տեսանյութ)

1995-ի ընտրություններից 5 օր առաջ ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարում 46-րդ ընտրատարածքում գրանցված Ռուբեն Հայրապետյանի պատգամավորության թեկնածությունը: Պատճառը նախորդ օրը ռամկավար ազատական Հովհաննես Դուրգարյանի եւ նրա համախոհների վրա իրականացված հարձակումն էր:

1999-ի ընտրություններին չար ուժերը հարվածում են «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Աղասի Արշակյանին: Բարձրահարկ շենքի տակ կայանած նրա քաղաքական ուժի ավտոմեքենան ենթարկվում է քարերով հարձակման, թեպետ վնասված ավտոմեքենայի վրա հարձակման հետքեր գրեթե չկան. «Երբ մենք հեռանում էինք էդ տեղից, վերեւից մի հսկա կտոր նույնպես մեր ուղղությամբ նետվեց, բարեբախտաբար մեր վրա չընկավ էդ մեծ քարը, էդ բետոնի կտորը»։

Ճարտարագիտական համալսարանում դաշնակցական Վահան Հովհաննիսյանը գլխով է երաշխավորում, որ իր կուսակցության թեկնածուներից ոչ մեկը կաշառակեր չէ: Նա առաջարկում է ստեղծել հասարակական աշխատանքի նախարարություն, որպեսզի մարդիկ ցածր աշխատավարձով գործ անեն եւ հետ չվարժվեն աշխատելուց:

1999-ի այս օրը ՕԵԿ-ն Արտաշատում քարոզարշավ-համերգ էր նախատեսել ընտրողների համար: Հորդառատ անձրեւը ընտրողներին ստիպեց մազապուրծ լքել մարզադաշտը: Սակայն քիչ հետ անձրեւը դադարեց, իսկ մարդիկ վերադարձան: ՕԵԿ-ը մինչեւ վերջ թրջված մարդկանց ներկայացրեց իր ծրագիրը եւ հանդիպումն ավարտվեց համերգով:

Արշակ Սադոյանը համառորեն դեռ չի հանդիպում իր ընտրողների հետ, փոխարենը այս օրերին նա իր կուսակիցների համար քարոզարշավներ է իրականացնում Արարատի մարզի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Նրան ջերմ են ընդունում: Սակայն դա չի նշանակում, որ նրա ասածները հալած յուղի տեղ են ընդունում: «Շամիրամ» կանանց կուսակցությունը թվարկում է, թե ընտրություններին մասնակցող որ ուժն ում փողերով է պայքարում:  Կանայք հիշեցնում են, որ այդ ուժերի հովանավորները փոխհատուցում են պահանջելու, իսկ իրենց հովանավոր Վանո Սիրադեղյանը փայատիրոջ զգացում չունի:

2003-ին տեխնիկական որակ չապահովելու եւ պետական ծրագրերը չհեռարձակելու պատճառաբանությամբ «Հայաստանի հեռահաղորդակցության կենտրոնը» դադարեցնում է  Ալավերդիի «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության  հեռարձակումը: Իրական պատճառն, ըստ հեռուստաընկերության, այն է, որ իշխանություններին դուր չի գալիս, թե ինչպես են նրանք լուսաբանում ընտրությունները: «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի լիդեր Լյուդմիլա Հարությունյանը հայտարարում է, որ 2003-ի խորհրդարանի ընտրություններում ընդդիմության ձայները պակասել են: «Թվում է, թե այն մեծ լիցքը, որ ուներ ընդդիմադիր էլեկտորատը պակասել է»,-եզրակացնում է նա: Այս օրերին աղետի գոտում եւ մի շարք քաղաքների ընտրական տեղամասերում մեծ հանդիսավորությամբ տեղադրվում են թեքահարթակներ են, որոնք նախատեսված են հատուկ շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, այս գործում խառն է ամերիկացիների մատը։

2012-ի ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամենուր հիշեցնում է, թե ինչպիսին պետք է լինի իրական քաղաքական գործիչը: Այս անգամ այդ մասին կտեղեկանան Լոռու մարզի ընտրողները։ Ընտրություններից 6 օր առաջ Սերժ Սարգսյանը հանգուցալուծում է Մաշտոցի պուրակում քաղաքապետարանի որոշմամբ տեղադրվող կրպակների դեմ երեքամսյա պայքարը: Բնապահպաները պահանջում էին, որ քաղաքապետարանը հանգիստ թողնի այդ պուրակը եւ այն հեռու պահի կրպակներից, որոնց մի մասն արդեն տեղադրված էր։ «Ամեն ինչ շատ ճիշտ ես արել, բայց Տարոն ջան, նայիր, նայիր տես գեղեցիկ չի: Չէ՞: Նորից եմ կրկնում ամեն ինչ ճիշտ ես արել, քաղաքապետարանը արդյունավետ է աշխատել, բայց լավ կլինի էս ամեն ինչը ապամոնտաժեսՉէի ուզի, որ ընտրությունների նախաշեմին լիներ այդ որոշումը, շատ ավելի առողջ կլիներ, որ էդ որոշումը կայացվեր ավելի վաղ»,- ասում է Սարգսյանը: 2012-ի քարոզարշավի հետ համընկած աշխատավորի օրը Հայաստանի կոմունիստները աշխույժ երթերով ողողում են Երեւանի փողոցները: Նրանք ապավինում են բանվորի եւ գյուղացու քվեին: Իշխանական կոալիցիայի մաս Օրինաց երկիրն այս օրը Վանաձորում է: Արթուր Բաղդասարյանը բղավում է թալանի եւ ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել ուղիղ 20 տարի առաջ: Հայ Ազգային Կոնգրեսը Թալինում հիշեցնում է, թե ինչ խոստումներով Սերժ Սարգսյանը 2008-ին եկավ իշխանության։