Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 14.06.
A A
Սպորտ

Եվրո-2020, 4-րդ օր․ Շվեդիան ընդդեմ անհարմար մրցակցի, հանդիպում հարևանի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն ևս վեց հավաքականներ։

Նախ Գլազգոյում Շոտլանդիայի հավաքականը կհյուրընկալի Չեխիային։ Շոտլանդացիները վերջին անգամ խոշոր մրցաշարի մասնակցել էին 23 տարի առաջ, 1998թ աշխարհի առաջնությանը։ Դրանից հետո նրանք բաց են թողել աշխարհի և Եվրոպայի 10 առաջնություններ։

Չեխիայի ընտրանին յոթերորդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը, ընդ որում անընդմեջ։ Նախկին վեցից չորսում չեխերը հաղթահարել են խմբային փուլը։ 1996 թվականին նրանք անգամ դարձել են աշխարհամասի փոխչեմպիոն։

Թիմերը հաճախակի են հանդիպել տարբեր մրցաշարերում։ 2016 թվականից հետո կողմերը երեք անգամ են խաղացել իրար հետ։ Բոլորն էլ ավարտվել են շոտլանդացիների նվազագույն առավելությամբ։

Այս տարի թիմերն արդեն անցկացրել են 5-ական խաղ։ Շոտլանդիայի ընտրանին  երկու անգամ հաղթել է մրցակիցներին, իսկ երեքում ոչ-ոքի է խաղացել։ Չեխերը այս տարի նույնպես տարել են երկու հաղթանակ, սակայն երկու խաղում պարտություն են կրել։

Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն երկու հարևան երկրների՝ Լեհաստանի և Սլովակիայի հավաքականները։ Լեհերը չորրորդ անգամ են մասնակցում եվրոյին, իսկ սլովակները՝ երկրորդ։ Նախկինում թիմերը միշտ հաղթահարել են խմբային փուլը։

Կողմերը վերջին անգամ պաշտոնական մրցումներում հանդիպել են 12 տարի առաջ։ 2010թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Սլովակիայի հավաքականը երկու անգամ հաղթել է Լեհաստանի ընտրանուն՝ 2։1, 1։0։ Դրանից հետո թիմերը երկու անգամ ստուգել են միմյանց ուժերը՝ տոնելով մեկական հաղթանակ։

Ընթացիկ տարում Լեհաստանի հավաքականը 5 խաղում տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն։ Սլովակիայի ընտրանին այս տարի հաղթել է Ռուսաստանին, իսկ մնացած չորս հանդիպումներում ոչ-ոքի է խաղացել։

Այսօր նախատեսված երրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն E խմբի երկու ֆավորիտները՝ Իսպանիան ու Շվեդիան։ Խաղը կկայանա իսպանացիների դաշտում։ Շվեդները նախկինում իսպանացիներին հաղթել են ընդամենը երեք անգամ, ընդ որում վերջին անգամ դա նրանց հաջողվել է 1988 թվականին, ընկերական խաղում։ Դրանից հետո կողմերը հանդիպել են վեց անգամ, որոնցից 4-ն ավարտվել է Իսպանիայի հաղթանակով, իսկ երկու խաղում գրանցվել է ոչ-ոքի։

2021 թվականին երկու հավաքականներն էլ հաջող են հանդես գալիս։ Շվեդիայի ընտրանին անցկացրած 5 խաղերում տարել է 5 հաղթանակ, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 3։1։ Իսպանացիներն այս տարի երեք խաղում հաղթել են, իսկ երկուսում ոչ-ոքի արել։

Հանդիպումները կսկսեն ժամը 17։00-ին, 20։00-ին և 23։00-ին։