Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանաբնակ մի հայի հարցը զայրացրեց Անդրանիկ Միհրանյանին և Արցախի նախկին ղեկավարներին (տեսանյութ)

Արցախի նախկին և ներկա նախագահները պետք է ներողություն խնդրեն ժողովրդից։ Նման կարծիք «Լազարյան ակումբի» հավաքի ժամանակ հայտնեց ռուսաստանաբնակ հայերից մեկը։ Նա հարցրեց Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ ի՞նչ արեցիք մեր հայրենիքի հետ, մաս-մաս կորցնում ենք այն։ Նա նաև նշեց, որ պատերազմի ժամանակ Արցախում անգամ խրամատներ չկային, որպեսզի զինվորները կարողանային թաքնվել և ավելի քիչ զոհեր ունենայինք։

Այդ հարցը միանգամից բարկացրեց քաղաքագետ, հանդիպման հաղորդավար Անդրանիկ Միհրանյանին։ Նա կոպիտ արձագանքեց, որ պետք է հարցեր տալ, ոչ թե քաղաքական հայտարարություններ անել․ «Ես հարյուր անգամ եմ եղել Արցախում, եղել եմ սահմանային բոլոր կետերում, և նման հիմարություններ ասել, որ խրամատներ չկային և այլն, դա նշանակում է կրկնել այն անհեթեթությունը, որն ինչ-որ մեկը տարածում է»։

Բակո Սահակյանը նշեց, որ իրենք պատրաստ են քննադատություն լսել, բայց ոչ պրովոկացիոն ելույթ, իսկ նշվածները չեն համապատասխանում իրենց գործողություններին։

«Երբ պարտվում ես, որպես կանոն, սկսում են մեղավորներ փնտրել։ Շատ հեշտ է ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա կամ հիշել նաև ԽՍՀՄ-ը։ 30 տարի բանակը ամրացվել է, զենքեր են գնվել, ամբողջ սահմանին խրամատներ են եղել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ արեցինք մենք հայրենիքի հետ։ Մենք պատրաստ ենք դա ընդունել, քանի որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում։ Բայց հարց է ծագում, թե դո՞ւք ինչ արեցիք», - ասաց Արկադի Ղուկասյանը։

Նրա խոսքով, այս տարիներին ընդունված էր կենացներ ասել, խմել զինվորների կենացը, գովաբանել արցախցիներին, որ փրկեցին մեր ազգի պատիվն ու հաղթեցին պատերազմում։ Բայց պետք էր հասկանալ, որ այդ ամենը պահպանելու համար Արցախի խնդիրը չպետք է լիներ միայն Արցախի կամ Հայաստանի ու Արցախի խնդիրը․ «Այն պետք է լիներ ամբողջ հայ ազգի խնդիրը։ Ի՞նչ է արել հայերից յուրաքանչյուրը, որ մենք կարողանայինք պահպանել այն, ինչ հաղթել էինք պատերազմից հետո»։

Արցախն առանձին չի կարող լուծել իր խնդիրները ու նույնն էլ Հայաստանը և, Ղուկասյանի համոզմամբ, պետք է հասկանալ, որ մենք մեկ ազգ ենք և այն, ինչ կատարվում է երկրի յուրաքանչյուր անկյունում, վերաբերում է բոլորին։