Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 4
A A
Պաշտոնական

Ադրբեջանցիներին ՀՀ տարածքից հեռացնելու համար Կառավարությունն անհապաղ պետք է դիմի Եվրադատարան․Արման Թաթոյան

Հայտարարություն

Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:  

Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված, 3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված, 5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն: Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի: Մենք ՀՀ կառավարությանը կտրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան