Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը և Քոչարյանը ընտրությունների հաջորդ օրերին մեծ հանրահավաքների թույլտվություն են խնդրել․ Մարուքյան (տեսանյութ)

Հետընտրական գործընթացներ են կազմակերպում գործող իշխանությունը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և նախկին իշխանությունները` ի դեմս «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, այս կարծիքը ուղիղ եթերում հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Երբ մենք ասում էինք, որ երկու կողմերն էլ քարոզչության արդյունքում մեզ տանում են ցնցումների, մեզ ասում էին` վայ, բայղուշություն եք անում, ինչպես կարելի է նման բաներ ասել: Երբ, նաև ասում էի, որ եթե մեկ ուժը հաղթի, մյուսը մարդկանց դուրս է բերելու փողոց, ասում էին` գույները խտացնում եք», - ասաց Էդմոն Մարուքյանը: 

Նա ներկայացրեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, որ հունիսի 21-ին առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 22:00-ն Հանրապետության հրապարակում հավաք անցկացնեն, որի համար նախատեսել են 200.000 մարդու մասնակցություն: Նույն ժամերին և նույն քանակի մարդկանց մասնակցությամբ նա դիմել է նաև հունիսի 22-ին, հունիսի 23-ին, հունիսի 24-ին հավաք անցկացնելու համար: 

«Արամ Վարդևանյանը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, դիմել է Երևանի քաղաքապետին, որ հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին ժամը 00:00-ից մինչև մյուս օրը 23:00-ն 25.000 մարդու մասնակցությամբ հավաք անցկացնեն Ազատության հրապարակում ու նաև երթ մի շարք փողոցներով», - ներկայացրեց ԼՀԿ ղեկավարը:

Երկու հակամարտող բևեռները, նրա խոսքով, նախապատրաստում են բոլորիս հետընտրական գործընթացների: