Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ մուտքը
A A
Քաղաքականություն

Արցախում մարդիկ շունչները պահած սպասում են հունիսի 20-ի արդյունքներին․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արցախում մարդիկ շունչները պահած սպասում են ՀՀ-ում հունիսի 20-ին նշանակված ընտրությունների արդյունքներին: Իսկ այս օրերին, երբ ընթանում է նախընտրական քարոզչությունը, արցախցիներն օրը սկսում և ավարտում են լրատվական հոսքերին մտավախությամբ հետևելով: Անհանգստությունը կապված է օրեցօր լարվող մթնոլորտի, նախընտրական պայքարի անձնավորված բնույթի հետ, որից այն կողմ ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքացիական բախումներ ու նոր առճակատում:

Անկախության գրեթե երեսուն տարիների ընթացքում քաղաքակիրթ ձևով պահպանվել են Արցախի և Հայաստանի՝ հայկական երկու հանրապետությունների ներքաղաքական յուրահատկությունները, իշխանություն ձևավորելու և ինքնուրույն քաղաքական սուբյեկտ լինելու նրբությունները և այդ կարգի չգրված այլ կանոններ:

Իրավիճակը հիմնովին փոխվեց 2018թ.-ից, երբ Երևանում տեղի ունեցող հավաքներին հրավիրվում ու մասնակցում են Արցախի քաղաքական ուժերը, և ավելի խորացավ 2020թ. սկզբներին, երբ Արցախում սպասվող համապետական ընտրություններին ամեն գնով մասնակցելու հայտ է ներկայացվում Հայաստանից: Եվ հիմա, երբ թվում է, թե 2020թ. 44 օրյա պատերազմից հետո համայն հայության սևեռումը պիտի լիներ Արցախը՝ իր կորուստներով ու հոգսերով, Հայաստանի փաստացի ղեկավար համարվող անձը խուսափում է Արցախ այցելել:

Անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո այս իշխանությունների մնալու և նորից ժողովրդի վստահությունը շահելու համառ ցանկությունը կարող էր արդարացված լինել միայն մեկ դեպքում, երբ գիտես ու կարող ես մարդկանց հասկանալի լեզվով բացատրել, թե ինչպես կարելի է հայոց կազմաքանդվող պետականությունը վերականգնել և նորից ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը: Քաղաքական այն ուժը և այն առաջնորդը, որը չունի այս հարցի պատասխանը, պետք է հեռանա: Թե ինչու՞ այսօրվա իշխանություններով մենք չենք կարող լուծել համազգային խնդիրները՝ հաջորդիվ: