Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազգային օրակարգ
A A
Քաղաքականություն

Մարդիկ արդեն զզվել են հավաքներից․ «Ազգային օրակարգ»-ը հրաժարվել է «գարաժների» տանիքներից

Հանրահավաքային և բարձրախոսով գոռալու քարոզչությունից «Ազգային օրակարգ» կուսակցությունը հրաժարվել է։ «Օրակարգում հայն է» կարգախոսով նրանք փոքրիկ տեսանյութերի միջոցով ներկայացնում են դիվանագիտության մեջ, պետական կառավարման հարցերում մեծ դեր ունեցած և բարդ խնդիրներին լուծում տված հայ պատմական դեմքերին, «Ա1+»-ին հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Հայկ Փայտյանը։

Չնայած որ քաղաքական ուժերի մեծամասնության քարոզչական պաստառներում դեմքեր ու անուններ են, նրա խոսքով, իրենց պաստառների վրա որևէ դեմք ու մարդ չկա․ «Մենք փրկիչներ չունենք և ժողովրդին չենք էլ ասում, որ գալու ենք ձեզ փրկելու։ Չկա կախարդական փայտիկ և չկան փրկիչներ։ Մենք ասում ենք՝ օրակարգում հայն է, բոլորս պետք է վերցնենք մեր պատասխանատվության բաժինը և դա պատվով տանենք։ Իհարկե, հաղթելու ենք, որովհետև հայն իր բնույթով հաղթող է»։

Կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ իրենց քարոզչության մեջ կարևոր են նաև հանրային բանավեճերը, հարցազրույցները, որոնց միջոցով ավելի հանգիստ կարող են ժողովրդին ներկայացնել իրենց ծրագրերն ու անելիքները․ «Սակայն լիդերների բանավեճին 98%-ով չենք մասնակցի, որովհետև ուժերին խմբերի բաժանելու մեխանիզմը համարում ենք անարդար։ Ոչ միայն մենք, այլև շատ ուժերը։ Լիդերներին խմբերի բաժանելը կատարել են ըստ կուսակցությունների գրանցման ժամանակացույցի՝ այսինքն հին կուսակցություններին դրել են միասին, նորերին՝ միասին։ Հիմա նորերն իրար հետ ի՞նչ պետք է բանակցեն։ Այս ամենի պատասխանատուները հին կուսակցություններն են, որոնք իշխանության մաս են կազմել և մենք իրենց ունենք հարցեր կազմած»։

Տարբեր մարզերում՝ Արմավիրում, Լոռիում, Կոտայքում, ունեն շտաբներ, որոնց ներկայացուցիչները, Հայտ Փայտյանի խոսքով, անկախ ընտրություններից էլ՝ պարբերաբար հանդիպում են մարդկանց հետ ու քննարկումներ են իրականացնում․ «Այդ ակտիվ քարոզչությունը մեզ համար արդեն տաղտկալի է։ Օրական 26 ուժեր 10-15 ներկայացուցիչներով բակերով միկրոֆոններով պտտվում են։ Հասարակությունից ազդակներ ենք ստացել, որ մարդիկ արդեն իսկապես հոգնել են, զզվել են։ Մեկ այս մեկն է գնում գարաժների տանիքներին, մեկ՝ այն մեկը։ Արդեն քանի տարի է՝ մեր երկիրն ապրում է այս հանրահավաքային վիճակների մեջ»։

Ներկայիս քարոզարշավը զուրկ է բովանդակությունից, ասաց նա։ Բոլորը միայն նախկիններ և ներկաներ բաժանում են անում, սակայն ոչ ոք հստակ անելիքներից և ծրագրերից չի խոսում։ Տարբեր քաղաքական ուժերի սպառնալիքները միմյանց նկատմամբ, Հայկ Փայտյանի կարծիքով, վտանգավոր են, քանի որ թշնամանք են գեներացնում հասարակության մեջ։ Բացի այդ, իրական, օրակարգային հարցերը կորում են այդ ամենի մեջ։

Իրենց համար օրակարգային հարցերն են սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի անընդունելիությունը, արտաքին քաղաքականության վերանայումն ու նոր դաշնակիցների հետ մտերմությունը՝ հանձին Չինաստանի։

«Կրթությունն է մեզ համար առաջնային ու կրթության մեջ պետք է վերադառնանք ազգայինին, դա առանցքային հարց է», - ասաց Հայկ Փայտյանը։

Տարբեր հարցումները, որոնք նախընտրական փուլում տոկոսային հարաբերություններ են բաժանում ուժերի միջև, «Ազգային օրակարգ»-ի ներկայացուցիչը համարում է կրկին քարոզչության տարբերակ․ «Այս պայմաններում սոցիալական հարցումները որևէ պատկեր չեն կարող ցույց տալ։ Հասարակության մեծ հատված ընդհանրապես չի ուզում պատասխանել, մի ստվար հատված հիասթափված է։ Մենք չենք հասկանում՝ ինչ ֆորմատով են անցկացնում այդ հարցումները»։