Մենք ապահովելու ենք գործազրկության ճիրաններում խեղդվող մարդկանց որոշակի չեզոքացում․ Ուրիխանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն իր քարոզարշավն այսօր սկսեց Գիտությունների ազգային ակադեմիայի բակից, քանի որ, ինչպես կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ առանց գիտության և դրա զարգացման մտածել 5-10 տարվա կտրվածքով զարգացման մասին ոչ մի ուղղությամբ հնարավոր չէ։
Իրենք համարում են, որ ԳԱԱ ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ անհրաժեշտություն ունեն պետության կողմից շեշտակի ուշադրության, կատարելագործվելու, տեխնոլոգիապես լավագույնս ապահովվելու․ «Դրանք այն հաստատություններն են, որտեղ, ըստ տրամաբանության, ցանկացած զարգացած երկրում պիտի աշխատեն գերապահովված, սոցիալապես ամենաբարձր խավին պատկանող մարդիկ, որովհետև այդ մտավոր պոտենցիալը վերջում հասարակության համար է արդյունք բերում»։
Իշխանության գալուց օրեր անց, ինչպես հավաստիացրեց Ուրիխանյանը, վերանայելու են հանրակրթության համակարգը, «Բոլոնիայի համաձայնագրի» մի շարք կետեր, 12-ամյա դպրոցի գոյությունն ու ավագ դպրոցի կարգավիճակը․ «Մենք գտնում ենք, որ մարդիկ ստանում են կրթություն ամբողջ աշխարհում, որ դրանից հետո լավ ապրեն, հետևաբար գիտելիքը պետք է լինի օգտավետ։ Մենք զրոյից ներդնելու ենք միջին մասնագիտական տեխնիկական կրթության մի ամբողջ համակարգ, որովհետև դրանից բխելու են հասարակությանը, երկրին պիտանի մասնագիտություններ ունեցող մի քանի տասնյակ հազար մարդու ներկայություն աշխատաշուկայում, և երկրորդ՝ մենք ապահովելու ենք գործազրկության ճիրաններում խեղդվող մարդկանց որոշակի չեզոքացում այն մասնագիտությունների շնորհիվ, որոնք ունեն պահանջարկ»։