ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է պատասխանել լրագրողներին հուզող բոլոր հարցերին,- ասուլիսի հենց սկզբում հայտարարեց նրա խոսնակ, պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը։
Անմիջապես հետեւեց Նախագահի հումորով արձագանքը «Բոլորին չէ, շատ ես ասում, բոլորին իսկի դու չես կարող պատասխանել»։
Ասուլիսը սկսվեց առանց նախաբանի՝ միանգամից լրագրողների հարցերով։ Շատերը մեղադրում են առաջին նախագահին, նշեց լրագրողը, որ նա հաղթանակը չի ամրագրել և դրա հետևանքով կա այս իրավիճակը, նա պատասխանեց, որ հաղթանակն ամրագրած փոխանցել է հաջորդ իշխանություններին․ «Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Եթե ես փորձեի դա անել, սկսվելու էր քաղաքացիական պատերազմ Հայաստանում։ Դրանից խուսափելու համար ես հրաժարական տվեցի»։
Հասարակությունում կա կարծիք, ասաց լրագրողը, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ասպարեզ են եկել Տեր-Պետրոսյանի շնորհիվ, նա ափսոսո՞ւմ է դրա համար։ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց՝ ինչ է նշանակում իր շնորհիվ․ «Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահն եմ։ Իրենք իրենց համար, իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»։
Իսկ, թե ում կընտրի որպես վարչապետ Տեր-Պետրոսյանը, եթե նրա, Փաշինյանի և Քոչարյանի ուժերն անցնեն խորհրդարան, նա պատասխանեց․ «Գիր ղուշ կգցենք, կորոշենք։ Հիմիկվա խոսելու բան չի դա»։
Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի թեկնածուներից մեկը նշել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահության տարիներին չորս անգամ բանակցային հանդիպումներ է ունեցել առանց Արցախի ներկայացուցչի, Տեր-Պետրոսյանը նշեց՝ ինչու չորս անգամ, ինքը միլիոն անգամ է բանակցություններ ունեցել առանց Արցախի․ «Երբ ես գնում էի, Ելցինի հետ հանդիպում էի, չպիտի՞ խոսեի Արցախի հարցի մասին։ Այո՛, ամեն անգամ իմ գլխավոր թեմաներից մեկը եղել է Ղարաբաղի մասին։ Ի՞նչ զարմանալի հանելուկ է գտել Ռոբերտ Քոչարյանը։ Ինքն էլ է տասը անգամ գնացել, հանդիպել առանց Արցախի։ Սա սովորական բան է։ Այստեղ ինքը էլի մանիպուլյացիա է անում»։
Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանեց Սերժ Սարգսյանի՝ երեկ հրապարակած ձայնագրությունը Փաշինյանի մասին․ «Ինձ համար գարշելի է այդ երևույթը, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող կեղտոտ քարոզչություն է արվում։ Դա իմ մեկնաբանելու բանը չէ, հարցրեք Սերժին կամ Նիկոլին։ Զզվելի բան է։ Կոմպրոմատների պատերազմ է սկսվելու ու դրանց 90%-ը բացարձակ սուտ է։ Այդ ձայնագրության բովանդակությունը զիբիլ է»։
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ առաջարկեց Փաշինյանից պահանջել հրապարակել խոսակցության ձայնագրությունը, թե իբր նրան ասել է, որ «հողերն արդեն պետք է տաս», ։
Ըստ նրա՝ խոսակցությունը եղել է Փաշինյանի տանը, հետեւաբար ձայնագրած կլինի։
«Ես Փաշինյանին ասացի, որ ինքը պետք է ֆիքսի՝ ինչ է ժառանգություն ստացել Սերժ Սարգսյանից ղարաբաղյան հարցում փաստաթղթերի տեսքով։ Հարց տվեց Նիկոլ Փաշինյանը՝ ինչպե՞ս, ինչ փաստաթուղթ։ Ասացի՝ նամակ ես գրում Արտաքին գործերի նախարարին՝ Զոհրաբ Մնացականյանին․ «Պահանջում եմ ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ»։ Ես նրան ասացի. եթե դու ավելի լավ լուծում բերես, քան Սարգսյանը, դա քեզ պատիվ կբերի, իսկ եթե ավելի վատ որոշում բերես, ապա դա քո խայտառակությունը կլինի»,- ասաց Առաջին նախագահը։