Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
A A
Քաղաքականություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարկվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ): «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ:

Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ սույն թվականի հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ , հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին: Ավելին, Կոալիցիան կասկածի տակ է դնում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։

Ուստի, Կոալիցիան կոչ է անում Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում:

Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել: