Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 12 օր առաջ. Սերժ Սարգսյանը Սիսիանում եւ Գորիսում ընտրողներին խնդրում է իրենց քվեն տան իր եղբորը (տեսանյութ)

Հարգելի ընթերցողներ։

Ընտրություններին մնացել է 12 օր։

Ընտրական օրացույց շարքը մենք պատրաստել էինք 2017թ-ին։ 

 ԱԺ ընտրություններից 12օր առաջ եկեք թերթենք խորհրդարանական նախորդ ընտրությունների էջերը։

Ինչ լոզունգներով էին պայքարում քաղաքական ուժերը, եւ ի՞նչ էր կատարվում․ առաջարկում ենք դիտել այս շարքը․․․

-----------------

1995-ի ընտրարշավի այս օրերին «Լրագիր» թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է հրապարակում «Շամիրամ» կուսակցության համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ: Հարցազրույցում կա այսպիսի մի նախադասություն. «Նշանակված ժամանակին մենք առանձնացանք Շողեր Մաթեւոսյանի հետ սենյակներից մեկում: Հարցազրույցի համար»: Հաջորդ օրը թերթի խմբագրություն է ներխուժում տիկին Մաթեւոսյանի ամուսինը՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը, եւ պատիվ է պահանջում Նիկոլ Փաշինյանից:

1999-ի այս օրերին «Իրավունք» թերթի խմբագիր եւ պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ եթե ժողովուրդը տեղամասերում ակտիվ եղավ, Գեղամյանի «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքը կզբաղեցնի երկրորդ տեղը «Միասնությունից» հետո։ Դատարանը մերժում է պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ 11-րդ ընտրատարածքում իր մրցակից խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանի գրանցման։ Ըստ պարոն Թորոսյանի,, որպեսզի Հարությունյանը դառնա հավասար մրցակից, պետք է թողնի խորհրդարանի ղեկավարի աթոռը։

ՀՌԱԿ կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագիր Շամիրամ Աղաբեկյանը մերժում է իր կուսակցության առաջարկը՝ թերթում հարցազրույց տպագրել իրենց մասին։ Աղաբեկյանը դրա համար պահանջում է 300 դոլար եւ չստանալով այն՝ հրաժարվում տպագրել հարցազրույցը։

Նույն օրվա մեկ այլ հանդիպման ժամանակ ռամկավարները հայտարարում են, որ կարող են փրկել Բաքուն Կասպից ծովի մակարդակի բարձրացումից։ Ըստ նրանց, որպեսզի Կասպիցը չբարձրանա, հայերը վաճառում են Արաքսի ջուրը, որի արդյունքում պակասում է Քուռ գետի ջուրը, որը լցվում է Կասպից ծով։ Իսկ Կասպիցը բարձրանում է, որովհետեւ այնտեղից ջրի արտահոսք չկա։

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Կենտրոն համայնքում հանդիպում է ընտրողների հետ։ «Ես աշխատատեղեր կստեղծեմ եւ կվերագործարկեմ արդյունաբերությունը»,-ընտրողներին ասում է Խաչատուր Սուքիասյանը: Ինքը ավելորդ չի համարում հիշեցնել, որ ունի նաեւ բարեգործական ծրագրեր։

2003-ի քարոզարշավի այս օրը Հանրապետականի նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ իր կուսակցությունը քարոզարշավում նվազագույնս է օգտագործում եթերը լարվածությունից խուսափելու համար։ Չնայած դրան, իրենք հավակնում են որ նոր խորհրդարանում գործող 33 պատգամավորի փոխարեն կունենանս 44 պատգամավոր։

2007-ի քարոզարշավի շրջանակներում ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունն Ալավերդիում հայտարարում է, որ ընտրություններին մասնակցում է ոչ մանդատներ ստանալու համար։ Կոմունիստները շարունակում են հիշեցնել, թե ինչ ծաղկուն երկիր թողեցին անկախ Հայաստանի առաջին իշխանություններին։ Հիշեցնում են նաեւ, թե իրենք ինչ փորձությունների միջոցով անցան Խորհրդային Հայաստան ունենալու համար։

2007-ի այս օրերին Սյունիքում քարոզարշավ իրականացնող Սերժ Սարգսյանը Սիսիանում եւ Գորիսում ընտրողներին խնդրում է իրենց քվեն տալ մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ «Եղբորս թեկնածությունը առաջադրելը իր որոշումն է, դրա համար լուրջ հիմքեր կան»,- ասում է Սերժ Սարգսյանը:

Կենսաթոշակի բարձրացման խոստումներ տվող քաղաքական ուժերի գլխին սառը ջուր է լցնում Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրեն, հանրապետական Վազգեն Խաչիկյանը։ Նա ասում է. «Քաղաքացիների կենսաթոշակը հնարավոր է 3-4 անգամ բարձրացնել միայն 6-7 տարի հետո»։

2012-ի քարոզարշավի ժամանակ իրավաբան Վահե Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ խոսում է բացակա ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավորության մասին: Պարոն Գրիգորյանը պահանջում է ընտրացուցակների հրապարակում։ Հանրապետականը դա մերժում է «քվեարկությունը գաղտնի է» պատճառաբանությամբ։ «Սա «իրավաշուստրիություն» է»,-ասում է Վահե Գրիգորյանը։ Հանրապետականը քարոզարշավի է Նոր Նորքում` այստեղ են համայնքի դպրոցների երեխաները, Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն անձամբ: Ամենավերջում ամբիոնին են Հանրապետականի համամասնական թեկնածու Շուշան Պետրոսյանն ու մյուս աստղերը:

Քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում կրքեր են եռում, դիցուք կոմունիստների ասուլիսում՝ անկախության ընթացքում կոմունիստ դարձած մի մարդ ներխուժում է իր առաջնորդի ասուլիսին եւ պահանջում խոսքի իրավունք։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք համայնքում սեղմում է հարյուրավոր ձեռքեր խոսում տասնյակների հետ եւ սպասում 45 համար ավտոբուսին, որպեսզի մեկնի քարոզարշավի արդեն Դավիթաշեն համայնքում։