Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Իսկ ե՞րբ էր հարմար պահը. գինու փառատոնի կազմակերպիչը իրենց քննադատողներին (տեսանյութ)

Երևանի գինու օրեր փառատոնի անցկացման շուրջ այս տարի քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել: Պատերազմից հետո ճիշտ ժամանակը չէր նման միջոցառում անելու համար, նշում էին շատերը: Սակայն փառատոնի համակազմակերպիչ Մերի Բադալյանն ասում է` թեև հասկանում է մարդկանց մտահոգությունը, բայց հարց է տալիս, որի պատասխանը չի ստացել.

«Իսկ ե՞րբ էր հարմար, ասեք, տեսնեմ` այդ ցավը ե՞րբ է անցնելու: Մեկ ու կես տարի պանդեմիայից ու պատերազմից հետո տնտեսությունն այն վիճակում է, որ մենք իրավունք չունենք տուրիստին իր գումարի հետ միասին Հայաստան բերելու հնարավորությունը բաց թողնել: Չէր լինելու հարմար պահ: Եթե ինձ ասեք` սեպտեմբերին կլիներ, բայց չգիտենք, թե ինչ կլինի: Ձմռանն էլ գուցե շատ գինեգործական ու տուրիստական ընկերություններ փակված կլինեին», - ասաց նա:

Նրա խոսքով` արդեն 5 տարի անցկացվող փառատոնն այս տարի, իհարկե, չտարբերվել չէր կարող: Բացի նրանից, որ 25 գինեգործի փոխարեն այս տարի մասնակցում է 41-ը, փառատոնին այս տարի միացել են վեց հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են վիրավոր զինվորներին ու պատերազմում զոհվածների ընտանիքներին: Փառատոնի ընթացքում նրանց վաճառքներն ու հանգանակությունները կրկին ուղղվելու են զինվորների ու նրանց ըտանիքների կարիքներին:

Նման կազմակերպություններից է «Արփի» ՀԿ-ն, որի անդամները փառատոնին ավանդական ժենգյալով հաց էին պատրաստում: ՀԿ-ի տնօրենի խոսքով` թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո բավականին մեծ հոգեբանական և սոցիալական աշխատանքներ են տարել Արցախից տարհանված ընտանիքների, զոհված և անհետ կորած տղաների ընտանիքների հետ.

«Մենք նոր մարտավարություն ենք սկսել: Մեր զոհված տղաների կանանց ցանկանում ենք օգնել, որ յուրաքանչյուրն հաստատվի ու իր տեղը գտնի կյանքում: Որոշել ենք, որ ամեն մեկը փոքրիկ բիզնես հիմնադրի իր ցանկությամբ: Համագործակցում ենք կազմակերպությունների հետ, որ կվերապատրաստեն աղջիկներին բիզնեսի ոլորտում»: