Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

 Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ 

Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը,  հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում:

Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների, դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ: Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:  

Սահմանամերձ համայնքներում միջին մասնագիտական կրթության ապահովման և զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, տնօրենի հետ քննարկել միջին մասնագիտական  կրթության  և ոլորտին առնչվող  մի շարք հարցեր: 

Այցի շրջանակում Վահրամ Դումանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը, ինչպես նաև այցելել են Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ևս աշակերտները տոնական հանդիսություն են ներկայացրել: 

Հավելենք, որ Սյունիք կատարած այցի շրջանակում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական համալսարան:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ