Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 16 օր առաջ. քարոզարշավը սկանդալային ընթացք է ստանում (տեսանյութ)

Հարգելի ընթերցողներ։

Ընտրություններին մնացել է 16 օր։

Ընտրական օրացույց շարքը մենք պատրաստել էինք 2017թ-ին։ 

 ԱԺ ընտրություններից 16օր առաջ եկեք թերթենք խորհրդարանական նախորդ ընտրությունների էջերը։

Ինչ լոզունգներով էին պայքարում քաղաքական ուժերը, եւ ի՞նչ էր կատարվում․ առաջարկում ենք դիտել այս շարքը․․․

-------------

Թեկնածուների պաստառները պատառոտելը նորություն չէ մեր քաղաքական մշակույթում։ Դեռ 1995-ի ընտրությունների քարոզարշավի օրերին արձանագրվում էին նման միջադեպեր։ Մասնավորապես, անհայտ անձինք պատռում էին «Շամիրամ» կուսակցության պաստառները։ Ըստ ամենայնի, պատճառն այն հրապարակումներն են, ըստ որոնց կուսակցությունը կրում է հայ ազգին ստրկացնել ձգտող բռնակալ կնոջ անունը։

1999-ի քարոզարշավին ԱԺՄ կուսակցության գաղափարները պետական համալսարանի ուսանողներից քչերին են հետաքրքրել: Կուսակցության քարոզիչ Արշակ Սադոյանը երիտասարդներին ասում է՝ մենք օգտվել ենք իշխանության ամենաճոխ սեղաններից, բայց երբ սովածներ կան, պատառը կուլ չի գնում   Իսկ ահա «Միասնություն» դաշինքը ուսանողների հետ հանդիպում է Ազգային օպերայի դահլիճում: Պատրաստ են պատասխանել ցանկացած հարցի: Վազգեն Սարգսյանին ուղղված տղա ուսանողների հարցերը բանակում ծառայելու մասին են՝ բոլորդ պիտի ծառայեք: Կարեն Դեմիրճյանը խոստանում է ժողովրդական տնտեսության համար ուսուցումը դարձնել պետպատվերով, որ երկիրն ապագա ունենա։  

1999-ի ընտրություններից 16 օր առաջ կրթօջախից դուրս գալու ժամանակ ձերբակալվում է «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը: Վերջինս կալանքի տակ կմնա 96 ժամով :

Գեղամյանի ղեկավարած «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն օրեցօր իրեն ավելի ուժեղ է զգում: Ըստ դաշինքի ղեկավարի, պատճառը ոչ թե Սամվել Բաբայանի փողերն են, այլ իշխանության ճնշումները: Դաշինքն իշխանության է գալիս մաքուր ձեռքերով, եւ եթե եկան, երկրում կարգ ու կանոն կհաստատվի։  

2003-ի ընտրություններում Հայաստանի կոմունիստները համոզված են, որ հաղթահարելու են 5 տոկոսի շեմը: «Պայքարում ենք 10 հոգուց բաղկացած խմբակցություն ունենալու համար: Դա մեր մինիմումն է»,-ասում է կուսակցության նախագահ Վլադիմիր Դարբինյանը: Քարոզարշավի այս օրը Հայաստանում նշում են մայիսի 9-ը: «Արդարություն» դաշինքի ղեկավարությունը, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ «Հաղթանակ» զբոսայգում են :

2007-ի ընտրություններից 16 օր առաջ քարոզարշավն ստանում է  սկանդալային ընթացք: «Գոլոս Արմենին» պատառիկներ է հրապարակում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ անգլիացի դիվանագետի երկամսյա վաղեմության մի զրույցից, որում հայ գործիչը պահանջում է, որ եվրոպացիները կոշտ գնահատական հնչեցնեն սպասվող ընտրությունների մասին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արթուր Բաղդասարյանին անվանում է դավաճան:

Հաջորդ օրը ՕԵԿ նախագահը հակադարձում է. «Մենք միանշանակորեն դատապարտում ենք քաղաքական գործիչների, դիվանագետների գաղտնալսումները: Ավելին` աղավաղված ձեւով, կեղտոտ մեկնաբանություններով այն համեմելը եւ հանրությանը ներկայացնելը» :

Այս ընտրությունների մասնակից է նաեւ Մանուկ Գասպարյանի ղեկավարած Ժողովրդավարական ուղի կուսակցությունը՝ ԺՈՒԿ-ը: Այն խոստանում է ազատ եթեր, նվազագույնը 30 հազար դրամ դարձնել կենսաթոշակը, պարտադիր երաշխավորել պետպատվերով սովորողների աշխատանքը :

2012-ի խորհրդարանի ընտրություններում Գագիկ Ծառուկյանն անընդհատ կրկնում է, որ իրեն պաշտոն եւ հարստություն պետք չէ: Նրա հանրահավաքներն անցնում են մարդաշատության մթնոլորտում: Արարատի մարզում նա քվե չի խնդրում, սակայն գիտի, թե ում միջեւ է ընթանալու մրցակցությունը։  

Պակաս մարդաշատ չէ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը Երեւան Ազատության հրապարակում: Առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնում է չորս ընդդիմադիր ուժերի միասնական շտաբի աշխատանքներին եւ ասում, որ դա վախեցրել է իշխանություններին։