Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանն ինչո՞ւ պետք է մեզ օգնի, մենք ո՞ւմ ենք օգնել․ Արա Աբրահամյան (տեսանյութ)

Հայաստանում տիրող իրավիճակը՝ գերիներին դեռ հետ չբերած՝ մեր տարածքից նոր գերիներ տալը, զոհված տղաների դիակների շուրջ նոր իրադարձությունները անհասկանալի ու մտահոգիչ են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար։ Այդ մասին նա ասաց ասուլիսում՝ շեշտելով, որ այս իրավիճակում այսպիսի շուտափույթ ընտրություններ անցկացնելով՝ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ծանր վիճակից։

«Ո՞նց կարող է մարդը երկու շաբաթվա մեջ ընտրություն անել, մենք ո՞նց կարող ենք ներկայացնել մեր ծրագրերը և ասել՝ մենք ով ենք ու ոնց ենք ուզում երկիրն այս իրավիճակից դուրս հանել», - ասաց Արա Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները, քանի դեռ ուշ չէ, պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և փորձեն համախմբվել, ազգին ու ժողովրդին ցույց տալ, որ փոխվել են և ուզում են կառուցել։

«Ես ո՛չ ուզում եմ վարչապետ դառնալ, ո՛չ պատգամավոր, ուզում եմ օգնել, ես 30 տարի այս երկրի կողքին եմ եղել, մասնակցել եմ երկրի կառուցմանը։ Ես միշտ դեմ եմ եղել այս իշխանությանն ու առաջին օրն էլ ասել եմ, որ սա բերելու է մի փորձանքի, որ չի կարող փողոցը գալ իշխանության և երկիր ղեկավարել», - ասաց նա։

Արա Աբրահամյանը նշեց, որ նա միջազգային շատ կապեր ունի և դա շեշտում է նրա համար, քանի որ ինքը միշտ աշխատում է բոլորի հետ՝ փորձելով աջակցել բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթությանը, որն արել է նաև Նիկոլ Փաշինյանի օրոք։

«Հնարավոր բան չէ, որ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա ստեղծեմ։ Ես սատարում եմ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը, Տիգրան Ուրիխանյանին՝ շատ լավ երիտասարդ, աշխատել է, բավական շատ գործ է արել և ազնիվ է», - ասաց Արա Աբրահամյանը։

Ոչ մի ուժ, նրա խոսքով, հստակ ծրագրեր չի ներկայացնում։

Եթե հաղթեն, գան իշխանության, ինչպե՞ս են երկիրը ճգնաժամից հանելու, թե՞ պետք է նորից մեղադրենք Ռուսաստանին, որ մեզ չօգնեց։ Աբրահամյանն ասում է․ «Եթե մենք մեզ չօգնեցինք, եթե մենք ճիշտ հարցեր չդրեցինք, չգտանք փոխշահավետ մեխանիզմներ Ռուսաստանի հետ համագործակցելու համար, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է մեզ օգնի, մենք ո՞ւմ ենք օգնել»։

Նրա խոսքով՝ եթե նա լիներ Հայաստանում, աշխատեր այստեղ, պատերազմ չէր լինի, դա անհնար էր․ այս խնդիրը որքան հետաձգեցին, այնքան վնաս էր Հայաստանի համար։

«Մենք մի քանի կարևոր խնդրի ենք անդրադարձել, դրանցից է ղարաբաղյան խնդիրը։ Մենք ասել ենք և հստակ մեխանիզմներ ենք տվել խնդրի լուծման վերաբերյալ։ Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին։ Մենք հետ ենք վերցնելու։ Մենք կգնանք միջազգային դատարան և նաև այս պատերազմի հետևանքների համար», - ասաց Արա Աբրահամյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է վիրավորում մեր իշխանություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Արա Աբրահամյանը ինչպե՞ս է տեսնում Հայաստանում արժանապատվության վերականգնումը և տղամարդ դառնալն ու մնալը, վերջինս պատասխանեց, որ տղամարդ դառնալն ու մնալը բառերի մեջ չէ, խոսելով չէ, սեփական ժողովրդին պատժելով չէ․ «Տղամարդ դառնալը գործով է ապացուցվում։ Տղամարդը պետք է ապագան տեսնի, որ իր քաղաքացիները չզոհվեն, չգերեվարվեն, որ իրենց ապահովի սոցիալական խնդիրներով, իրենց անվտանգությունը, բոլոր խնդիրներով»։

Նա նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել արտերկրում, սփյուռքում մեր ՀՀ նախագահների մասին վատ խոսելուն, ինքը միշտ ամեն ինչ ասել է երկրի ներսում և հենց նախագահներին, սակայն այժմ առաջին դեպքն է, որ իշխանության մասին այդքան վրդովված է խոսում։ Նա ՀՀ ընտրող քաղաքացիներին խորհուրդ տվեց իրենց երեխաների վրա չարիք չբերել և ձայն չտալ Փաշինյանին։