Բացել լրահոսը Փակել լրահոսը
1053979
A A
Սպորտ

Հենոն հիանալի խաղացող է, համոզված եմ՝ նա մեզ կօգնի սեպտեմբերի խաղերին․ Կապառոս (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և պաշտպան Վարազդատ Հարոյանն այսօր նախախաղային մամուլի ասուլիս են տվել վաղը Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում կայանալիք Խորվաթիա – Հայաստան ընկերական հանդիպումից առաջ:

 

- Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և երբվանի՞ց կմիանաք Ձեր նոր ակումբին:

- Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ նման ուժեղ առաջնությունում հանդես եկող ակումբ: Սակայն դեռ բոլոր մտքերս «Աստանայի» հետ են: Դեռ 4 հանդիպում պետք է անցկացնեմ ղազախական թիմի կազմում և ամեն կերպ կփորձեմ օգնել իմ ներկայիս ակումբին: Տեղափոխությանս մասին շատ եմ խոսել, ավելացնելու նոր ոչինչ չունեմ: 

 

- «Աստանայի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ վնասվածք ստացաք: Որքանո՞վ է այն լուրջ, և արդյո՞ք պատրաստ կլինեք վաղվա հանդիպմանը:

- Այո, խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացա և չկարողացա շարունակել հանդիպումը: Իմ կարծիքով վնասվածքս այդքան էլ լուրջ չէ: Այսօր կփորձեմ թիմի հետ թեթև մարզում անցկացնել, բայց կարծում եմ, որ վաղվա հանդիպմանը չեմ կարողանա մասնակցել:

 

- Արդյո՞ք արդեն հասցրել եք դիտել Խորվաթիայի ազգային հավաքականի խաղերի տեսագրությունները: 

- Այո, արդեն ծանոթացել ենք մրցակցին: Բոլորս էլ գիտենք, որ շատ լավ հավաքական է` շատ ուժեղ ֆուտբոլիստներով: Սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ որոշվում է դաշտում: Շատ կուզեմ, որ թե´ Հայաստանի, և թե´ Խորվաթիայի հավաքականները այս ընկերական խաղից ստանան այն, ինչ ուզում են:

 

- Պարոն Կապառոս, հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Մամուլում շատ խոսվեց այս մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան: 

Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ:

 

- Ինչպիսի՞ կարծիք ունեք Խորվաթիայի ազգային ընտրանու մասին:

- Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է: