Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախկին իշխանություններին՝ որպես ընդդիմություն, ժողովրդի «վզին փաթաթել» է Նիկոլ Փաշինյանը․ Նորիկյան (տեսանյութ)

«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին․ ցուցակը գլխավորելու է փաստաբան Նորայր Նորիկյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ 2018 թվականից հետո գործող իշխանությունը տապալեց կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության վերականգնման գործընթացը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումները։

«Գործող իշխանությունը իր վաքագծով հիմնավորեց ու ապացուցեց, որ նախորդ բոլոր ռեժիմների հավաքական խորհրդանիշն է, իսկ նախորդ ու ներկա քաղաքական ռեժիմների գործունեությունը պարզապես խաթարել ու խաթարում է Հայաստանի բնականոն զարգացումը»,-նշեց նա։

Նորիկյանն անդրադարձավ նաև Հայաստանը ղեկավարած մյուս երեք նախագահներին, հիշեցրեց․ «Ռոբերտ Քոչարյանը 2008-2018 թվականներին ծպտուն անգամ չհանեց ՀՀ-ում կատարվողի վերաբերյալ։ 10 տարվա մեջ ընդամենը 3-4 անգամ նրա դուխը հերիքեց Տիգրան Սարգսյանի կառավարության վերաբերյալ որոշակի տեսական դատողություններ անել»։

Նաև հիշեցեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավարը՝ Արթուր Վանեցյանը կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքն էր, ով իբրև պայքարում էր Սերժ Սարգսյանի իշխանության մեջ եղած հանցագործների դեմ, իսկ այսօր նրանց հետ դաշինք է կազում։

Ինչ վերաբերում է առաջին նախագահին, Նորիկյանը համոզված է՝ առաջին նախագահը առնվազն 2 անգամ՝ 1998- ին և 2008-ին, հնարավորություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանին դուրս մղել քաղաքականությունից կամ հեռացնել իշխանությունից․ «Ինձ զարմացրեց նախագահ Տեր-Պետրոսյանի այն խոստովանությունը, թե պահպանում է մարդկային հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այդ դեպքում արժե՞ր արդյոք մի ողջ տասնամյակ հանրությանը համոզել, քարոզել, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ գործ ունենք ավազակապետերի հետ»։

Այնուամենայնիվ, Նորիկյանը պնդում է՝ նախկին իշխանություններին՝ որպես ընդդիմություն, ժողովրդի «վզին փաթաթել» է Նիկոլ Փաշինյանը։ Նոր ստեղծված կուսակցության ղեկավարը վստահեցրեց՝ գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կապ չունի։

«Արդար Հայաստանի» վարչապետի թեկնածուն հայտարարեց նաև՝ ամեն օր արդեն ահազանգեր են ստանում ընտրակաշառքի վերաբերյալ․ «Ընտրակաշառք է բաժանվում, պարո՛ն վարչապետի պաշտոնակատար, 50 հազարով, 60 հազարով, 100 հազարով, ստուգե՛ք, չեք տիրապեում իրավիճակին կամ էլ ավելի վատ՝ տիրապետում եք»։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Նորիկյանը համոզմունք ունի, որ եղած պայմաններում պետք է հայտարարվեր ռազմական դրություն, ինչը չի արվել։

«Արդար Հայաստան»-ը ընտրությունների է գնալու «Վեր կաց, Հայաստա՛ն» կարգախոսով։