Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես խղճում եմ ԱԳ նախարարին․ Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Պետական լրատվամիջոցները սահմանների մասին ժողովրդին շատ խրթին ու սահմանափակ ինֆորմացիա են տալիս։ Այս կարծիքն ասուլիսում հայտնեց «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը։ Սյունիքի սահմաններում, նրա խոսքով, բոլոր տեղերում թշնամին առաջ է եկել։ Գյուղերի տղաները որքան կարողացել են, նրանց դուրս են քշել։

«Մեր բանակը, որ պարտավոր է սահմանը պահել, չի հատկացնում զենք-զինամթերքը ժողովրդին, ինքնապաշտպանվելու հնարավորություն հատուկ չի տրվում։ Սյունիքի համայնքապետերը ունակ են իրենց սահմանները պաշտպանելու, նրանք լավ լիդեր տղաներ են, սակայն հնարավորություն չտալով, տանում է մի փուլի, որ թշնամին ավելի մոտենա»,-ասաց Աշոտ Մինասյանը։

Նա նշեց, որ օր-օրի հասարակության վերաբերմունքը դեպի այսօրվա իշխանությունը փոխվում է, քանի որ հասկանում են, որ պետությունը կամ պետական ապարատն արդեն անվտանգության երաշխիք չէ։

«Մեր ժողովրդի մի ստվար զանգված՝ անգամ որդեկորույս ծնողներ, անհասկանալի ձևով հավատում են, որ Նիկոլը փրկել է իրենց երեխաներին։ Նաև պայմանագրայինները, մարտական գործողություններին մասնակցածներն ու նրանց ծնողները այն խաբուսիկ պատրանքին են հավատացել, որ Նիկոլ Փաշինյանը փրկեց, որ 30-35 հազար տղա չզոհվեն այդ պատերազմում։ Նիկոլ ամեն անգամ կեղծում է այդ թվերը՝ մեկ անգամ 20 հազար ասելով, մեկ անգամ՝ 30, մյուս անգամ՝ 35», - ասաց ազատամարտիկը։

Մինասյանի պնդմամբ՝ հայկական ջոկատներում հատուկ մարդիկ կային, որ դիտավորյալ խուճապ էին ստեղծում և առաջինը ստեղծել են Արաքսի ափի սահմանապահ ջոկատները՝ Վաղարշակի գլխավորությամբ, որը եղել էր նախկինում Խաղաղապահ զորքերի հրամանատար․ «Ես չգիտեմ՝ հիմա ուր է նա։ Կարծում եմ՝ հերթական խարդավանքն է ձևավորում․ կա՛մ Նիկոլը վերցնում, տեղակայում է այլ տեղերում, այլ պաշտոնների, կա՛մ Նիկոլն իրենց մեկուսացնում է, որ ավելորդ ոչինչ չասեն։ Պատերազմից առաջ էլ, երբ Նիկոլը եկավ իշխանության, մարտերի ունակ հրամանատարներին մեկուսացրեց, հանեց ասպարեզից»։

Աշոտ Մինասյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի արածներից հետո ժողովուրդը պետք է նրան հավատա, ուրեմն դա արդեն ոչ թե Նիկոլի մեղքն է, այլ ժողովրդի․ «Բայց վստահ եմ նաև, որ մեր՝ «Հայաստան» դաշինքի շարքերն ավելանում են, շատ մարդ կա, որ գիտակցում է, թե ինչ է կատարվել երկրում, ինչ է կատարվելու ու գալիս են»։

Նա ասաց՝ հավատացած է, որ մինչ մայիսի 10 որոշ դաշինքներ և կուսակցություններ կհրաժարվեն առանձին մասնակցել ու կմիանան «Հայաստան» դաշինքին։

«Ես խղճում եմ ԱԳ նախարարին և բոլոր նախարարներին, որ համաձայնել են նման մարդու հետ աշխատելու։ Իրենք հավատացել են այդ մանիպուլյացիային, սակայն ժամանակի ընթացքում եթե հասկացել են, թե ով է այսօրվա երկրի իշխանությունը և չեն հրաժարվել, ուրեմն իրենք թույլ մարդիկ են», - ասաց Աշոտ Մինասյանը։