Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Սպորտ

Հայաստանի երեք շախմատիստներ նվաճեցին Աշխարհի գավաթի ուղեգրեր

Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստներ այսօր հաղթահարեցին առցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարի վերջին` 3-րդ փուլը, և նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր:

Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Վահապ Սանալին: Նույն հաշվով Հայկ Մարտիրոսյանը պարտության մատնեց իր հայրենակից Մանուէլ Պետրոսյանին, իսկ Շանթ Սարգսյանը` ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Մեր երեք շախմատիստները վաղը կմասնակցեն կայծակնային շախմատի շրջանաձև մրցաշարին, որի ժամանակ կխաղարկեն 32 հազար եվրո մրցանակային հիմնադրամը: 

Վերջին` 3-րդ փուլը հաղթանակով մեկնարկած Ռոբերտ Հովհաննիսյանը, ցավոք, երկրորդ պարտիայում պարտվեց թուրք գրոսմայստեր Մուսթաֆա Յիլմազին և թույլ տվեց նրան հավասարեցնել հաշիվը: Թայ-բրեյքում մեր շախմատիստը անհաջող խաղաց և ի վերջո զիջեց 1,5:2,5 հաշվով:

Պայքարից դուրս մնացին նաև Սերգեյ Մովսեսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք պարտություն կրեցին համապատասխանաբար գերմանացի Ռասմուս Սվանեից (1:3) և ռուսաստանցի Եվգենի Ալեքսեևից (0,5:1,5):