Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես չեմ էլ կասկածում, որ մենք ենք ընտրվելու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի վարչական շրջաններում և հանդիպումներ ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների հետ։ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ իրենց աջակցել շարունակելու համար։

Անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող քննադատություններին, թե ձախողել են բանակցային գործընթացը․ «2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն ասում էր՝ բանակցային գործընթացը կանգնած է և լավատեսություն չի ներշնչում, քանի որ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար»։

Ըստ Փաշինյանի՝ բանակցային գործընթացի ձախողումն ու պատերազմի մեկնարկը Սերժ Սարգսյանը տվել է անձամբ։

Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարեց՝ իշխանությանը կառչած չեն, հետևաբար՝ ընտրություն կեղծելու կարիք չունեն․ «Ես չեմ էլ կասկածում, որ մենք ենք ընտրվելու, բայց մենք էլ չընտրվենք, մենք չենք կեղծելու ընտրություններ։ Մենք եկել ենք, որ ժողովրդի իշխանությունը ապահովենք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որևէ մեկի հետ որևէ բան գաղտնի չի պայմանավորվել, ընդհակառակը՝ նույնիսկ սխալը արել են հրապարակային։

Պնդեց՝ իրենց վերագրվող բոլոր դավադրությունները կեղծիք են․ «Գրում են՝ վարչապետը կոմպրոմատների դոսյեներ է հավաքել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի վրա, որպեսզի չփլուզվի։ Ընդհակառակը՝ ում վրա դոսյե կարող էր լինել, շատ լավ էլ թողեցին ու դուրս եկան։ Մենք դոսյեի վրա աշխատող չենք, մեր հարաբերությունը արժեքի, գաղափարի, նպատակի ու ապագայի վրա է»։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանակից մինչև հանրակրթության ոլորտ բավականին բարեփոխումներ են կատարել և դրա համար՝ քաղաքացին պետք է ընտրի իրենց․ «Եթե վերջին 30 տարում այս երեք տարվա բարեփոխումների տեմպի մեկ երրորդը ապահովվեր, մենք որակապես այլ երկիր կունենայինք»։