Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորեց որպես Ռուսաստանի խամաճիկ․ Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Հունիսի 20-ի ընտրություններին մասնակցել պատրաստվող «Ազատ հայրենիք» դաշինքի առաջնորդներն այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ Առաջին Հանրապետության օրվա առիթով։

Դաշինքի անդամ ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը ընդգծեց՝ տոնը պարտավորեցնում է պատմական պատասխանատվությամբ նայել այսօրվա իրավիճակին․ «Այսօր մենք ճգնաժամային իրավիճակում ենք և հիմնականում այդ է մեզ պարտադրել ամեն գործ մի կողմ դնել և ներկայանալ որպես դաշինք»։

Դաշինքի մյուս անդամ, «Պահպանողական» կուսակցության ղեկավար, դաշինքի ցուցակը գլխավորող Միքայել Հայրապետյանը հայտարարեց՝ կփորձեն առաջիկա արտահերթ ընտրությունները վերածել անկախության հանրաքվեի։

« «Ազատ հայրենիք» դաշինքի կողքին կանգնած է ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվորպական միությունը»,-համոզմունք հայտնեց դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը․ «Այն, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, դրա պատճառը այն է, որ գործող իշխանությունը անտեսել է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի բազմաթիվ առաջարկները՝ աջակցություն ցուցաբերել մեր երկրին։ Այսօր, երբ այլ ելք չկա, տեսնում ենք, որ իշխող ուժը եկավ այն եզրակացության, որ առանց միջազգային քաղաքակիրթ երկրների աջակցության, այս հանցավոր հարևանների հետ մութ ստվերային գործարքներից խաղաղություն հաստատել տարածաշրջանում հնարավոր չէ։ Իհարկե այդ որոշումը ուշացված է, և դրա համար մենք կրկին վճարում ենք մեր զինվորների կյանքով և ազատությամբ»։

Ըստ Ղուկասյանի՝ միջազգային հանրությունը այսօր հիասթափված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից․ «Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորեց որպես Ռուսաստանի խամաճիկ գործիչ՝ Հայաստանը գլխավորող»։

Ղուկասյանը պնդեց՝ մեր երկրի ինքնիշխանությունը կարիք ունի վերահաստատվելու, և մեր ժողովրդին պետք է միավորել այդ գաղափարի շուրջ։