Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Իսկ զարմացրել է, որ Հայաստանում կարելի է կանաչ, չհասած միրգ՝ ցոգոլ ու շլոր ուտել» (տեսանյութ)

Ծնունդով եղեգնաձորցի ֆրանսաբնակ Ժակլին Բաղդասարյանը դեռ անցյալ տարի սոցկայքերում հրապարակած «Վայ աման» երգի էթնո երաժշտության ժանրում իր մեկնաբանությամբ հիացրեց ֆեյսբուքահայությանը և դարձավ ճանաչված ու սիրված երգչուհի։

Ֆրանսիացի իր ընկերոջ՝ Լուի Թոմասի հետ նրանք ստեղծեցին «ԼադաՆիվա» խումբը, որը համախմբեց տարբեր ազգության երաժիշտների, մասնավորապես Մարոկկոյից, Թունիսից, և ինչպես խոստովանում է ժակլինը, այս նախագիծը փոխեց նրա կյանքը։

Վաղը՝ մայիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ԼադաՆիվա»-ն կունենա հայաստանյան իր առաջին մենահամերգը և կիրականանա Ժակլինի երազանքներից մեկը։ Այս մասին այսօր ասաց երգչուհին լրագրողների հետ հանդիպմանը։

Իսկ նրա երազանքները շատ են և ամենամեծ ցանկությունն է հնարավորություն ունենալ ճանապարհորդելու, ծանոթանալու տարբեր ազգերի մարդկանց ու մշակույթների հետ։

«Լուին, ի տարբերություն ինձ, հասցրել է բավականին ճանապարհորդել՝ եղել է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և շատ է կիսվում իր տպավորություններով»,- ասում է Ժակլինը։

Ինչու անվանեցին խումբը «ԼադաՆիվա» հարցին նա պատասխանեց, որ պատահական ստացվեց․ «Եվ խորհրդային և հետխորհրդային երկրներում սա սիրված մակնիշ էր, հատկապես հայերի համար։ Նաև մեքենայով ճանապարհորդելու հետ կարելի է կապել»։

Ժակլինը յոթերորդ անգամ է Հայաստանում, սակայն հիմա, կարծես նորովի է բացահայտում․ «Երբ եկել եմ Հայաստան, Եղեգնաձորում եմ հիմնականում անցկացրել և Երևանում քիչ եմ եղել։ Սակայն ասեմ, որ այն զգացողությունն ունեմ, որ սա իմ տունն է, որ այստեղից եմ և ոնց որ ծանոթանամ ինքս ինձ հետ։ Իսկ Լուին առանձնակի հավանել է Երևանի տուֆի շինությունները։ Իսկ զարմացրել է, որ այստեղ կարելի է կանաչ, չհասած միրգ՝ ցոգոլ ու շլոր ուտել»։

Ինչ վերաբերում է հայկական երգերին, ապա Լուին նախընտրում է լսել հատկապես մելամաղձոտ մեղեդիներ, որոնք, նրա խոսքով շատ հուզական են ու գեղեցիկ։