Բացել լրահոսը Փակել լրահոսը
166058559_2864489820487664_8284446342546790189_n
A A
Քաղաքականություն

Պահանջում ենք երկրում հայտարարել ռազմական դրություն․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ կողմից պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ: Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 32 ամյա Վ. Յ. Խուրշուդյանը: 
 
Չնայած այն հանգամանքին, որ տվյալ իրավիճակում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային փոխգործակցությունը պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանը ռազմավարական դաշնակիցների կողմից որևէ աջակցություն չունեցավ՝ նույնիսկ դատապարտող և զսպող հայտարարությունների տեսքով:
 
Ստեղծված ճգնաժամային և պայթունավտանգ իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմից և պարտությունից հետո լիարժեքորեն չի վերականգնել իր ռազմական, քաղաքական և տնտեսական կարողությունները, չի կարող շարունակել ապավինել ՀԱՊԿ աջակցությանը և անվտանգային մեխանիզմների կիրառման երաշխավորությանը:
 
Ուստի, ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը.
 
1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները և ռազմագերիների վերադարձի հարցերը Ֆրանսիայի առաջարկով և միջնորդությամբ բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝դատապարտող բանաձևեր ընդունելու և ճնշումներ գործադրելու նպատակով։
 
2. անվտանգության սպառնալիքների ներկայիս պայմաններում երկրում հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները,
իրականացնել պահեստազորի զորահավաք, դիմել Ֆրանսիային ՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով, և սկսել գործողություններ՝ հակառակորդին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար։
 
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն