Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արա Այվազյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ (տեսանյութ)

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով։

Նախարարներն անդրադարձ կատարեցին դարավոր բարիդրացիական կապերով միահյուսված hայ-իրանական համընդգրկուն հարաբերություններին՝ ընդգծելով, որ վերջիններիս հիմքում ընկած փոխադարձ վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գրավականն են:

Անդրադառնալով բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարներին՝ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ, ինչի մասին են վկայում բարձրաստիճան փոխայցելությունները, ոլորտային ներկայացուցիչների միջև պարբերական դարձած փոխշփումները և միջգերատեսչական խորհրդակցությունները:

«Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև», - նշեց նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նախարարներ Արա Այվազյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկում ունեցան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Ներկայացնելով ՀՀ սահմանամերձ որոշ մարզեր ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց ՀՀ ինքնինշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության անընդունելիությունն ու անթույլատրելիությունը: Արա Այվազյանը նշեց, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղակի հետևանք են անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու գործողությունների նկատմամբ ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։

Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը: