Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն այսօր հրավիրել էին ասուլիս։

Առաջին հարցն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին և վերաբերում էր Սյունիքին։ Վերջինս նշեց՝ քանի դեռ ադրբեջանցիները որոշակի սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետությունից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների վերաբերյալ, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են իրենց նպատակին հասնելու համար․«ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նմանատիպ ճնշումների չի ենթարկվելու»,-ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, Քոչարյանն ասում է՝ այդ գործընթացն այս պահին որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի համար և դրա համար է Ադրբեջանը շտապողականություն ցուցաբերում։

Ռոբերտ Քոչարյանը նաև պնդեց՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի մեր ներքաղաքական գործընթացները չթելադրվեն Ադրբեջանի կողմից․ «Հիմա Ադրբեջանից հայտարարություններով փորձում են ուղղորդել մեր հասարակությանը»։

Անդրադառնալով վերջին օրերին քննարկվող աղմկահարույց փաստաթղթին, որը, ըստ Փաշինյանի, 100 տոկոսով համընկնում է ՀՀ շահերին, Քոչարյանն ասում է․

«Որևէ մեկ քայլ, որը կբխի ՀՀ շահերից, չի արվել այս երեք տարվա ընթացքում»։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև սոցիոլոգիական հարցումներին, համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ, ասաց՝ չեն պնդում, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարը վարկանիշ չունի, բայց 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում, հնարավոր չէ վերընտրվել և ձևավորել կառավարություն, եթե քեզ հետ չլինեն այլ ուժեր․

Հետևաբար՝ եթե այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել, այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոք»,-հայտարարեց նախկին նախագահը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծմանը, Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ իր կառավարման տարիներին չի եղել մի դեպք, երբ համանախագահները անեն առաջարկներ և Հայաստանը հրաժարվի, մենք ասել ենք, որ ունենք վերապահումներ, բայց պատրաստ ենք քննարկել, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվել է համանախագահների բոլոր առաջարկներից։ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղվեց նաև Սերժ Սարգսյանի հետ տարաձայնությունների վերաբերյալ, նշեց՝ այս թեման քննարկման արժանի չէ, իսկ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ հայտնեց՝ Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարված․«Մի քիչ էլ այսպես մնա, կարծում եմ, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կիլոմետր հեռավորության վրա, տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը։ Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժ, եթե ՊՆ-ն ևս մեկ անգամ կհերքի, ես այլ փաստարկներ կբերեմ։

ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ 1000 չեն, 1000-ից ավելի են»։