Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս կառավարությունն իրավունք չունի Հայաստանի վզին պարտավորություններ կուտակելու․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)

Հայ հանրությունը պետք է իմանա իրեն առնչվող բոլոր փաստաթղթերի բովանդակությունը։ Նման կարծիք հնչեցրեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, թե պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից։

Նահապետյանը հիշեցնում է՝ ՔՈ-ն դեռեւս մայիսի 15-ին է հայտարարել, որ նախընտրական այս շրջանում, երբ չկա արտաքին քաղաքականություն վարելու լեգիտիմ մանդատ ունեցող կառավարություն և Ազգային ժողով, որևէ փաստաթղթի շուրջ  այս կառավարությունը չպետք է բանակցի և ստորագրի․ «Այս կառավարության արտաքին քաղաքական կուրսը ձախողվել է, հիմա այդ ձախողումից հետո կասկածներ կան՝ իրենք կարո՞ղ են լավ արտաքին քաղաքականություն վարել, թե՞ չէ։ Իրենք չունեն բանակցելու և փաստաթղթեր ստորագրելու մանդատ։ Պետք է միասնական դիրքորոշում արտահայտել, որ այս կառավարությունը լեգիտմության մանդատ չունեցող, դեռ ընտրություններով բանակցելու իրավունք չվաստակած քաղաքական ուժ է և իրավունք չունի Հայաստանի վզին պարտավորություններ կուտակելու»։

Հիշեցնենք՝ նույնաբովանդակ օրակարգով առաջնորդվելու առաջարկ քաղաքական ուժերին այսօր արել է խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Նահապետյանն ասում է՝ ողջունում են ԼՀԿ-ի նախաձեռնությունը և այս օրակարգի շուրջ համերաշխ են ԼՀԿ-ի հետ․ «Երբ ասում են՝ 100 տոկոսով ՀՀ շահերից է բխում, ակնհայտ է՝ չի կարող Ադրբեջանի անվերապահ կապիտուլյանցիայի մասին փաստաթուղթ լինի»։