Բացել լրահոսը Փակել լրահոսը
արևային կայան
A A
Տնտեսություն

4․7 մլրդ դրամի ներդրում․ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում արևային կայաններ կկառուցվեն

Կառավարության որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։

Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտն մարզի Արագածոտն համայնքում և մեկը Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը:

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին: Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացվել է, ձեռք են բերվել հողամասեր, իրականացվել է շինարարություն և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց, ինչպես նաև նախագծային աշխատանքներ։

Ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թ. և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: