Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մակունցը պայմաններին տեղյակ չէ (տեսանյութ)

«Իմ տեղեկություններով՝ ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր», - ԱԺ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Նա նաև նշեց, որ ըստ իր տեղեկությունների, հայկական կողմը պատասխանել է՝ աշխատանքային խումբ ստեղծելու քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն լքի ՀՀ տարածքը։

«Առաջարկում եմ հղումներ կատարել ոչ թե կասկածելի աղբյուրներին, այլ նրանց, որ պաշտոնապես ներկայացվում են։ ՀՀ կողմից առաջարկված պայմաններն ընդունելու դեպքում միայն փաստաթուղթը կարող է 100% բխել մեր շահերից։ Թե ինչ պայմաններ են, ես տեղյակ չեմ», - ասաց Մակունցը։

Լրագրողները հղում արեցին  Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին և Մակունցը նշեց, որ եթե դրանում կային ՀՀ-ից գյուղեր և տարածքներ հանձնելու կետեր, ինչպես իրենք են նշում, հրապարակողները չէին փակի այդ հատվածները։

Ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը խորհրդի նիստում հաստատելու վերաբերյալ հարցին՝ Մակունցը պատասխանեց, որ երբ կներկայացնեն հիմնավորումներ և իրենք կգտնեն, որ նիստի անհրաժեշտություն կա, դրա անցկացման հետ կապված ոչ մի խնդիր չի լինի։

ՀԱՊԿ-ի հետ կապված, Մակունցի խոսքով, պաշտոնական տեղեկություններ դեռ չկան և առաջիկայում, երբ ԱԳ նախարարի պաշտոնակատարը կխոսի լրագրողների հետ, այդ մասին ավելի մանրամասն կներկայացնի․ «Ռուսական կողմի միջնորդության մասին մենք նշել ենք, որ հարցը մեզ համար տարբեր դաշտերում է։ Այն, որ ադրբեջանական ԶՈՒ ներթափանցել է ՀՀ տարածք, դա չի կարող ընդունելի լինել մեզ համար և այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ․ այդ հարցերը տարբեր են»։