Բացել լրահոսը Փակել լրահոսը
odkb
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ադրբեջանի զինուժի ներթափանցումը ՀՀ տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ համակարգի համար․ Այվազյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստում (տեսանյութ)

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը: «Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար»,- նշեց նախարարի պաշտոնակատար Այվազյանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնեց, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:

Նիստի օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա վերջինիս ազդեցությանը, միջազգային կազմակերպությունների հետ անդամ երկրների փոխգործակցությանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։

Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունեցին և հավանության արժանացրին տարբեր ուղղություններով ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ  Էմոմալի Ռահմոնի հետ։