Բացել լրահոսը Փակել լրահոսը
187210466_2258484570950761_6933253901173234121_n
A A
Քաղաքականություն

Մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն․ Մելքումյանի հայտարարությունը Պետդումայում

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում կայացել է  ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ պարոն Վ. Վոլոդինի և Դումայի ղեկավար այլ պաշտոնյաների հետ։

Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում ամենամեծ հրատապություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես, Միքայել Մելքումյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզում և այլ սահմանամերձ տարածքներում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի և տեխնիկայի ապօրինի ներխուժման հարցը և ռազմավարական գործընկերոջ առջև խնդիր բաձրացրեց հրատապ կերպով միջամտել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Մ. Մելքումյանը նշեց՝ «Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն»։

Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ ըստ ստացված տեղեկությունների` 19 հայ ռազմագերիներ խոշտանգվել և սպանվել են Ադրբեջանում։ Բարձրացվեց նաև ռազմագերիների անհապաղ ազատման հարցը՝ «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։ ՌԴ Պետական Դումայի նախագահ Պարոն Վ. Վոլոդինը հանձնարարեց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովին, որպեսզի ՀԱՊԿ առաջիկա խորհրդաժողովին նախապատրաստվի համապատասխան փաստաթուղթ։

Պարոն Լ. Կալաշնիկովին հանձնարարվել է այդ ուղությամբ աշխատել Հայաստանի Հանրապետության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պառլամենտների, ինչպես նաև նաև՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ։ Պարոն Վ. Վոլոդինի կողմից բարձրացվեց նաև ռուսական դպրոցների և ռուսերեն լեզվի հարցը։ Մ.Մելքումյանը հատուկ ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանն այն խոստումը, որ տվել էր դեռևս տարիներ առաջ, կատարել է. Աբովյանում կառուցվում է բնակելի թաղամաս, դրված են նաև ռուսական դպրոցի շենքի հիմքերը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով կասեցված է այս ամենի շինարարությունը, որը որևէ լուրջ բացատրություն չունի։ Այդ մասին բավականին լուրջ խոսակցություն գնաց ամենաբարձր մակարդակով։ Ռուսական կողմը լրջորեն կարևորում է ռուսական դպրոցների ընդլայնման հարցը Հայաստանում։ Այնուհետև Միքայել Մելքումյանը հանդիպում ունեցավ ՌԴ Պետական Դումայի իր գործընկեր՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովի հետ։ Քննարկվեցին հայ ռազմագերիների հարցը, Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերը և ստեղծված իրավիճակը։ Պարոն Լ. Կալաշնիկովը խոստացավ ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը: