Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը՝ որպես միջազգային կառույց, պարտավոր է մեզ ռազմական օգնություն ցուցաբերել․ Գրիգորյան (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց այն կարևոր ընթացակարգերը, որոնք ՀՀ-ն պետք է անցնի, որպեսզի ՀԱՊԿ-ը ներգրավվի Հայաստանի սուվերեն տարածքը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: 

Նրա խոսքով՝ այսօր մամուլում հայտնվել են տեղեկություններ, որոնք շահարկման առարկա են՝ հարց էր առաջանում՝ ինչու ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարկությանը: 

«Սա ցույց է տալիս, որ ընթացակարգերի մասին տեղյակ չլինելու պատճառով են հիմնականում այս հարցը քննարկում, որովհետև ՀԱՊԿ-ի կանոնակարգն ասում է, որ նման խնդրի առաջացման հարցում, այսինքն՝ 2-րդ և 4-րդ հոդվածի ընդհանուր իրավիճակի առաջացման դեպքում տվյալ պետության ղեկավարը դիմում է ՀԱՊԿ նախագահող երկրին, այս դեպքում՝ Տաջիկստանին, և մենք այդ գործընթացը սկսել ենք»,- տեղեկացրեց Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նամակով դիմել է Տաջիկստանի նախագահին:

Գրիգորյանը տեղեկացրեց՝ ինչ է հետևելու այս նամակին, և ինչ գործընթացներ ենք անելու:

«Նամակը ստանալուց մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի ղեկավարի հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրվում: Գիտեք, որ մշտական խորհրդում պետությունների լիազոր ներկայացուցիչներն են: Բացի մշտական խորհրդի նիստից, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն, ԱԳ նախարարների կոմիտեն, ինչպես նաև պաշտպանության նախարարների կոմիտեն սկսում են աշխատանքներ՝ իրավիճակը գնահատելու համար: Եռօրյա ժամկետում կոմիտեները ընդհանուր գնահատական կտան իրավիճակին, և, ըստ այդ գնահատականի՝ ՀԱՊԿ խորհրդի նիստ կհրավիրվի»,- հայտնեց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ թե՛ ինքը, թե՛ ՀՀ ԱԳ ղեկավարի պաշտոնակատարը, թե՛ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նախնական աշխատանքներ են այս ուղղությամբ իրականացնում: 

«Իրավիճակի հետ կապված տեղյակ եք, որ մենք հղում ենք կատարել 2010 թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմը գործարկելու մասին: Ի դեպ, այս մեխանիզմում նկարագրված բոլոր հնարավոր սցենարները կամ դրանց մի մասը համապատասխանում են մեր իրավիճակին, և այս առումով մենք, հղում կատարելով այս փաստաթղթին, կարողանում ենք շատ ինտենսիվ աշխատանքներ կատարել: Կատարված եզրակացությունների հիման վրա մենք կփորձենք նաև ըստ իրավիճակի զարգացման՝ գնահատականներ տալ:

Բայց շատ կարևոր է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես միջազգային կառույց, պարտավորություն ունի մեզ ռազմական օգնություն ցուցաբերելու: Մենք բոլոր մեր գործիքները կիրառելու ենք, որպեսզի քաղաքական-դիվանագիտական լուծումներ տանք տվյալ իրավիճակին, բայց եթե լինի անհրաժեշտություն, ապա մենք կգործարկենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ, որպեսզի վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»,- ասաց Արմեն Գրիգորյանը: