Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը Սյունիքում, պատասխանն է Ռուսաստանին. քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՊԿ-ից շատ բան սպասել միամիտ կլինի։ Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Մենք այսօր կապում ենք մեր անվտանգությունը կազմակերպության հետ, որտեղ որ իրոք լուրջ հակասություններ ունենք։ Դա միտումնավոր չէ, ռեգիոնի զարգացումները բերեցին դրան»։
Քաղաքագետն առաջարկում է Կառավարությանը դիմել Ռուսաստանին, որովհետև վերջինս պարտավոր է մեզ աջակցել մեզ՝ որպես երկկողմ գործընկեր երկիր․
«Եթե Ռուսաստանը չի պլանավորում մեզ աջակցել, Ռուսաստանի իրավունքն է, բայց մեզ խաբում են, մեզ փորձում են մտցնել այդ տիրույթ, որ իբր առանց Ռուսաստանի որևէ բան հնարավոր չէ, բայց Ռուսաստանը չի ուզում մեզ աջակցել»։
Գրիգորյանի խոսքով՝ եթե մենք դիմենք Ռուսաստանին, նրա դիրքորոշումից մեր հասարակության և քաղաքական ուժերի համար շատ բան պարզ կլինի։
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե այս ամենը Սյունիքում ռուսական զորք տեղակայելու համար է, Գրիգորյանն ասում է․
«Մենք կարող ենք ամեն քաղաք ռուսական զորք դնել, բայց եթե Ռուսաստանը չի ուզում քեզ աջակցել, ի՞նչ իմաստ ունի բոլոր տեղերում ռուսական զորք ունենալ, հիմա Սյունիքում երկու հենակետ կա, պաշտպանեցի՞ն մեզ, չպաշտպանեցին, ուրեմն՝ երբ մենք այդ մասին խոսում ենք, պետք է հասկանանք՝ մեզ կպաշտպանի, թե ոչ։ Կարո՞ղ է Վարդենիսը և Սյունիքը ՀԱՊԿ-ի տարածք չեն մտնում, օգնո՞ւմ է Ռուսաստանը, պարզ չէ»։
Գրիգորյանի խոսքով՝ եթե անվտանգության համակարգը չի աշխատում, պետք է փոխել։
Հարցին, թե Սյունիքում ստեղծված իրավիճակը որքանո՞վ կարող է կապված լինել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցերի հետ Հայաստան, ապա՝ Ադրբեջան, Գրիգորյանն ասում է․
«Ես կասկած չունեմ, որ կապված են, վերջին տենդենցները դուր չեկան Ադրբեջանին, նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չէր ուզում լսել Հայաստանի կարծիքը, բայց Լավրովի այս այցելության ժամանակ քննարկվեցին տարբեր հարցեր՝ և՛ գերիների հարցը, և՛ կարգավիճակի, և՛ Մինսկի խմբի աշխատանքներին վերադառնալու վերաբերյալ, ինչպես հասկացա՝ նույն փաթեթը ներկայացվեց նաև Ադրբեջանին, և դա դուր չեկավ նրանց։ Կարծում եմ՝ այն ինչ անում է Ադրբեջանը, պատասխանն է Ռուսաստանին, քանի որ հայկական գործոնը տարածաշրջանում ջարդելով՝ Ռուսաստանը ոգևորեց Ադրբեջանին»։
Հիշեցնենք՝ Սյունիքում և Վարդենիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ դիմում է ՀԱՊԿ-ին։