Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ամենապահանջված մասնագիտությունները. ԳԹԿ-ն ամփոփել է հայտագրման առաջին փուլի արդյունքները (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքները: Հայտագրումն ընթացել է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: 

Կարո Նասիբյանի խոսքով՝ այդ ընթացքում համակարգի որևէ խափանում, բողոք և դժգոհություն չի արձանագրվել. դիմորդները հնարավորություն են ունեցել 24-ժամյա ռեժիմով առցանց հայտագրվել dimord.am կայքում: 

«Ընդամենը 2 դիմորդ է եղել, որ չի հասցրել հայտագրվել, որոնց ուղղորդել ենք հայտագրման երկրորդ փուլ: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են նախընտրած բուհը, մասնագիտությունը և դրա համար պահանջվող քննությունը: Միայն նախորդ տարի են ընդունելության քննությունները կազմակերպվել մեկ փուլով. այս տարի դրանք անցկացվում են երկու փուլով, որոնք հավասարազոր ընթացակարգեր են ենթադրում: Միայն այդ փուլերի ավարտից հետո կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մրցույթը կիրականացվի մեկ, իսկ հայտագրումը՝ երկու փուլերով»,- ասուլիսի ընթացքում նշել է Կարո Նասիբյանը և հավելել, որ երկրորդ փուլի հայտագրումը տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 1-ը: Դրան, ըստ բանախոսի, կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կկատարվի նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:

Կարո Նասիբյանը ներկայացրել է նաև հայտագրման արդյունքները, համաձայն որոնց՝ միասնական քննություններին կմասնակցի 11486 դիմորդ, որոնցից ներբուհականին՝ 1899-ը: Ներբուհական քննություններ կհանձնեն արվեստի և սպորտի բնագավառների մասնագիտություններ ընտրած դիմորդները: Բանավոր քննություններին, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, կմասնակցի 854 դիմորդ:

Ըստ բանախոսի՝ միասնական քննություններին հայտագրված դիմորդներից 529-ն Արցախի Հանրապետությունից են: Կարո Նասիբյանն այդ առումով պարզաբանել է՝ քանի որ Արցախում քննությունները կազմակերպվում են նույն թեստերով, հետևաբար քննությունների օրերը ևս նույնը կլինեն:

Նրա խոսքով՝ հուլիսի 19-26-ը նախատեսված է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն կունենան վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

ԳԹԿ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, թե որ առարկաներից և մասնագիտություններից են առավել շատ հայտագրվել դիմորդները: Առաջին տեղում «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», իսկ երրորդ տեղում է «Հայոց լեզու և հայ գրականությունը»: Բացառություն են կազմում ՀՀ Տավուշի մարզը և Արցախը, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները երկրորդ տեղում են:

Ըստ մասնագիտությունների՝ դիմորդներն առավել նախընտրել են Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ»՝ 591, ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 337, ԵՊՀ-ի «Իրավագիտություն»՝ 304, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի  «Ֆինանսներ»՝ 245 և Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտությունները՝ 245 դիմորդ:

«Վերոնշյալ չորս մասնագիտությունները վերջին տարիներին միշտ եղել են առաջատարների թվում, այս տարի միակ նորությունը «Սերվիս» մասնագիտությունն է, որին առաջնահերթություն են տվել դիմորդները»,- պարզաբանել է ԳԹԿ ներկայացուցիչը: 

«Տարիներ շարունակ դիմորդները հայտագրել են մասնագիտություններ, որոնք այնքան էլ չեն նախընտրել կամ գիտելիքները չեն բավարարել: Այս տարի մասնագիտական կողմնորոշման հարցն ավելի հստակ է դրվել, և այս համակարգը կարծես արժանացել է թե՛ դիմորդների, թե՛ ծնողների, և թե՛ մասնագետների հավանությանը»,- ընդգծել է բանախոսը:

Նա տեղեկացրել է, որ քննությունների ընթացքում կգործի 36 քննական կենտրոն, որոնցից 13-ը՝ Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում, չհաշված՝ Արցախում տեղակայված 5-ը: Պայմանավորված համավարակով՝ ձեռնարկվել են համապատասխան քայլեր և կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելու հակահամաճարակային բոլոր կանոնները: Մասնավորապես, այս տարի քննասենյակներում կլինեն առավելագույնը 60-80 դիմորդներ՝ ի տարբերություն նախորդ տարիների 100-120-ի: Այդ պատճառով 8-ով ավելացել է քննական կենտրոնների թիվը:

Ասուլիսի ավարտին Կարո Նասիբյանը հրապարակել է միասնական քննությունների օրերը. դրանք տեղի կունենան  հունիսի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա դրանք կկայանան հունիսի 26-ից հուլիսի 8-ը:  

 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ