Բացել լրահոսը Փակել լրահոսը
186482580_3034860390078684_6697156159391233980_n
A A
Քաղաքականություն

«Զարթոնք» -ն առաջարկում է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին

Հաշվի առնելով 2021թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության բացահայտ ոտնձգությունը և նկատի ունենալով մինչ այժմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից որևէ գործուն քայլ իրականացված չլինելու հանգամանքը,
 
 «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝
1. Պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:
 
 «Պետական սահմանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են`
ա) պետական սահմանի անձեռնմխելիությունը.
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.
գ) պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից:
 
2. Պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Ադրբեջանի ագրեսիայի գործողությանը հակազդելու և խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար համատեղ բոլոր մատչելի միջոցները ձեռնարկելու ուղղությամբ՝ համաձայն 29.08.1997թ. ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի:
 
 Նշված պայմանագրի 3-րդ հոդվածը սահմանում է՝ Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:
 
3. Պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին)՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից դրսևորած ագրեսիային դիմակայելու համար անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով:
 
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:
 
4. Պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիայի ակտի վերացման և միջազգային խաղաղության պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:
✅ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:
ՄԱԿ-ի կանոնադրության 39-րդ հոդվածը սահմանում է՝ Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։
ՄԱԿ-ի կանոնադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ Եթե Անվտանգության խորհուրդը համարում է, որ 42-րդ հոդվածով նախատեսված միջոցները անբավարար կլինեն կամ արդեն իսկ անբավարար են, կարող է օդային, ծովային կամ ցամաքային ուժերով նախաձեռնել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կհամարվեն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար: Դրանք կարող են ներառել Միավորված ազգերի կազմակերպության անդամների օդային, ծովային կամ ցամաքային զինուժի ցուցադրություններ, շրջափակում և այլ գործողություններ: