Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նման իրավիճակներ ամեն օր ստեղծվելու են, ամեն օր երկիրը կանգնեցնենք պատերազմի շեմի՞ն․ Ա․Քոչարյանը՝ Սյունիքի դեպքերի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Ազգային ժողվում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին և տարածվող հակասական լուրերին, վստահեցրեց՝  կրակոցներ չեն եղել, վիրավորներ ու զոհեր չկան, սահմանային ճշգրտման վերաբերյալ բանակցություններն են ընթացքի մեջ են․

«Օրվա սկզբում լուր տարածվեց, որը ձնագնդի պես սկսեցին փոխանցել մեկը մյուսին, էդ գործընթացում ներառվեցին քաղաքական գործընթացներում ներգրավված անձինք, օրինակ՝ Վահե Հակոբյանն ասել էր, որ  տեղեկություն ունի, որ վիրավորներ կան: Բնականաբար, այստեղ ակնայտ է, որ ոնց որ թե առիթ լիներ Սյունիքում լարվածության օջախ ստեղծել, ճոխացնել՝ երկիրը գցելով լարվածության մեջ»։

Ըստ Քոչարյանի՝ խնդիրն այն է եղել, որ ադրբեջանցիները 1974 թվականի քարտեզ են վերցրել և հայտարարել, որ այդ բարձունքն, ըստ այդ քարտեզի, իրենց սահմանում է

«Այս հարցը, որն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով հակառակորդի կողմից, իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ, որը լարվածություն  է առաջացնելու մեր քաղաքական կյանքում, լարվածություն է առաջացնելու նաև Ռուսաստանի ներգրավվածության մասով: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է այլ ձևաչափով բարձրացնել, որ ՌԴ  ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չէ, գուցե պետական մակարդակով դա չի ասվում, բայց դրա մասին խոսակցությունները գնալով զարգանում են, և սա մի փոքր էպիսզոդ է»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ այս թեմայի վերաբերյալ շահարկումներով մենք հրադադարի ռեժիմի պահպանումը կարող ենք վտանգի տակ դնել։

Քոչարյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում նույնպես լարվածություն է առաջացել։

 Նրա խոսքով՝ նմանատիպ խնդիրները բախման հեռանկար չունեն, եթե մենք արհեստական խնդիրներ չառաջացնենք

«Այո՛, կա պրոբլեմ, պրոբլեմի լուծումը շատ մոտ է, բայց զոհեր, վիրավորներ, կրակոցներ չկան, չեն էլ եղել: Հարց է առաջնում՝ կրակոցների մասին տեղեկատվությունը որտեղի՞ց, որ  Վահե Հակոբյանը կրակոցների մասին է խոսում, իր ականջով է լսել, թե ուղղաթիռով պտտվելիս, էդ դեպքում թող ուղղաթիռն իջեցներ, վերցներ ավտոմատը, գնար, կանգներ զինվորների կողքին, թող պանիկա չտարածեր, Զանգեզուրը իր համար խաղալիք չէ»,- նշեց Քոչարյանը։

Այս տեղեկատվության տարածումը և զարգացումը Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա․

«Այսպիսի իրավիճակներ ամեն օր ստեղծվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞, կանգնեցնենք պատերազմի շեմի՞ն»։